Մի քանի տարի առաջ Հայաստանն ու Իրանը ստորագրել էին համաձայնագիր, որի համաձայն` պատերազմական գործողությունների ժամանակ Հայաստանը չի փակի Իրանի հետ սահմանը: Ըստ երևույթին, սա այդ նույն համաձայնագրի շարունակությունն է: Անդրադառնալով Հայաստանի ու Իրանի նախագահների ստորագրած «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին» փոխըմբռնման հուշագրին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը:
Նրա խոսքով, հուշագրի ստորագրումը կախված է տարածաշրջանում ստեղծված անորոշ իրադրությունից: «Մեծանում է պատերազմի սպառնալիքը Հայաստանի ու Իրանի նկատմամբ, ու երկու երկրները շահագրգռված են միմյանց սատարելու հարցում պատերազմական կոնֆլիկտների ժամանակ»,- ընդգծեց քաղաքագետը:
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ մոտ ապագայում երկու երկրները կստորագրեն նաև ռազմական համագործակցության մասին բազմակողմանի հուշագիր, թեև դրա կնքմանը դեռ պատրաստ չեն Իրանն ու Հայաստանը: Կնքվելիք համաձայնագիրը, ըստ քաղաքագետի, այնքան բազմակողմանի չի լինի, որքան Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցության հուշագրերը, սակայն ամեն ինչ դեպի դա կգնա:
«Իրանցիները շտապել չեն սիրում: Նրանք սիրում են սպասել, լավ ծանրութեթև անել ստեղծված իրավիճակը, իսկ Հայաստանն էլ իր հերթին պարտավորություններ ունի Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի առաջ, նորմալ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի ու Միացյալ Նահանգների հետ, այդուհանդերձ, Իրանի հետ նման համաձայնագրի կնքումը երևի թե դառնում է օրակարգային»,- համոզմունք հայտնեց Իգոր Մուրադյանը:









































