Սիրիայի ռազմական հետախուզության ղեկավարը խոստացել է ահաբեկիչներին «ուժով պատասխանել» Դամոսկոսում գրանցված պայթյունների համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ստորաբաժանման ղեկավար գեներալ Ռուստամ Ղազալին ասել է, որ ահաբեկչության պատասխանատվությունը դրվում է «Ալ-Քաիդա» խմբավորման վրա:
«Բոլոր պարզաբանումները կհրապարակվեն պաշտոնական հայտարարությամբ: Սակայն այս պայթյուններին մենք կպատասխանենք ուժով»,- ասել է գեներալը:
Լրագրողների հետ գեներալի հանդիպումը կայացել է հետախուզության բաժանմունքի բակում: Պայթյունի հետևանքով կոտրվել են հինգհարկանի շենքի ապակիները:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան երկու ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Պետական անվտանգության գլխավոր վարչության գրասենյակում և ռազմական հետախուզության շենքում:
Համաձայն պետական հեռուստաալիքի տարածած տեղեկության՝ պայթյուններն իրականացրել են մահապարտ-ահաբեկիչները: Վերջին տեղեկություններով, պայթյունների հետևանքով զոհվել է 40, վիրավորվել 100 մարդ:







































