Ամենայն հավանականությամբ, նախընտրական շրջանում կլինեն նոր ձևաչափի հաղորդումներ, իսկ վճարովի եթերի հնարավորություն կտրամադրվի բոլոր քաղաքական ուժերին:
Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական շրջանում փորձելու է ընտրությունները լուսաբանելիս նախկինում եղած թերությունները նվազագույնի հասցնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
«Ոչ մի ընդդիմադիր ուժ դժգոհ չի լինի»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է «Աննա» հեռուստասերիալի եթեր հեռարձակմանը, ապա վերջինս տեղեկացրեց, որ սերիալը կավարտվի եկող տարվա հունվարի 6-ին, սակայն «Աննա»-ին կփոխարինի «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը:
«Հույս ունեմ, որ տարեցտարի սերիալների որակը կբարձրանա: Նոր հեռուստասերիալում դեպքերը զարգանում են Արցախյան պատերազմի տարիներին և շարունակվում մինչև մեր օրերը», – ասաց նա:
Ինչ վերաբերում է մեզանում առկա ինտերնետային կայքերին, որոնց լսարանը գերազանցում է որոշ հեռուստաընկերությունների լսարանին, Ա. Հարությունյանն նշեց, որ պետք չէ դրանից վախենալ, քանի որ հեռուստատեսության և ինտերնետի միջև սահմանները վերանում են, ինչն անխուսափելի գործընթաց է:
Երկու օրից կնշվի Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի ստեղծման 55-ամյակը, ինչի կապակցությամբ եթեր կհեռարձակվի տոնական համերգ` օպերային և էստրադային երգիչների մասնակցությամբ:









































