Ընտրություններից հետո Եգիպտոսի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) առաջին նիստը տեղի է ունենալու 2012 թվականի հունվարի 23-ին: Այդ մասին հայտնում է եգիպտական МЕНА գործակալությունը՝ հղում անելով երկերի զինված ուժերի բարձրագույն խորհրդի հայտարարությանը:
Երեք փուլով ընթացող խորհրդարանական ընտրությունները, որոնք սկսվել էին նոյեմբերի 28-ին, պետք է ավարտվեն հունվարի 4-ին, երբ քվեարկելու են երկրի 27 մարզերից 9-ը: Ինչպես սպասվում է, Ժողովրդական ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարվելու են հունվարի 13-ին:
Խորհրդարանը պետք է ձևավորի սահմանադրական հանձնաժողով 100 խորհրդարանականներից, որը զբաղվելու է երկրի սահմանադրության մշակմամբ: Այն հետագայում հաստատվելու է հանրաքվեի միջոցով:
Նշենք, որ Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո եգիպտացիներն առաջին անգամ ընտրելու են Ժողովրդական ժողովի 180 պատգամավորի: Քվերարկության երկու փուլերի արդյունքում առաջատար դիրք են զբաղեցնում «Ազատություն և արդարություն» կուսակցությունը («Մուսուլման եղբայրներ») և «Ալ-Նուրը» (սալաֆիներ): Այնուհետև հաջորդում են «Ալ-Կուտլյա» և «Վաֆդ» աշխարհիկ կուսակցությունները:










































