Երեկ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը հանդիպել է Քաջարան գյուղի խնդրի շուրջ համախմբված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Դեսպանի հետ հանդիպման ժամանակ «Հեծանիվ+» կազմակերպության նախագահ Սամվել Հովհաննիսյանը, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը և «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնից Սոնա Այվազյանը իրենց մտահոգությունները հայտնեցին Քաջարան գյուղի խնդրի շուրջ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը`ներկայացնելով հանդիպումը:
Հիշեցնենք, որ գարնանը կառավարության որոշման համաձայն՝ գյուղից տարածք պետք է տրամադրվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարների համար: Այդ տարածքները ենթակա են օտարման:
Ըստ Ինգա Զառաֆյանի` Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպումը պատահական չէր. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական բաժնետերը գերմանական Cronimet Mining ընկերությունն է: «Մենք դեսպանին ներկայացրեցինք մեր մտահոգությունները, և նա չբացառեց, որ կայցելի Քաջարան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով»,- հավելեց Ի. Զառաֆյանը`նշելով, որ խնդիրը բավականին բարդ է և լուծման կարիք ունի:








































