Համացանցում տարածվել է սիրողական տեսանյութ, որում երևում է Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում ցույցի մասնակիցների գնդակահարությունը: Տեսանյութը նկարվել է հեռախոսով տան պատուհանից և YouTube վիդեոհոսթինգում տեղադրվել է այսօր:
«Առաջին վայրկյաններին ցուցարարները տանում են վիրավորներին, ոմանք քարեր են նետում էկրանի սահմաններից դուրս: Նրանցից ոչ մեկի մոտ զենք չկա: 34-րդ վայրկյանից սկսվում են բազմաթիվ կրակոցներ և ցուցարարներն ընկնում են հենց աչքի առաջ: Ոմանք ընկնում են և այլևս չեն բարձրանում: Վիրավորներին մոտենում են ոստիկանները և սկսում մահակներով դաժանորեն ծեծել: Ավելի ուշ տեսախցիկի առաջ երևում են աշխատակիցներ (ոստիկանության), որոնք կրակում են ատրճանակից»,- ասվում է տեսանյութի նկարագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում ուրբաթ երկրի անկախությանը նվիրված միջոցառումը վերածվել է նավթագործների զանգվածային ցույցի: Երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քաղաքում մտցրել է արտակարգ դրություն: Պաշտոնական տվյալներով զանգվածային անկարգությունների զոհ է դարձել 15 մարդ:







































