Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը երեքշաբթի օրը որոշում է ընդունել ստեղծել 5 միլիարդ դոլարի չափով հատուկ հիմնադրամ՝ Մարոկոյին և Հորդանանին օգնելու համար։ Վերջիններս մինչ այդ կազմակերպությանն անդամակցելու ցանկություն էին հայտնել:
«Գերագույն խորհուրդը համաձայնել է ստեղծել Պարսից ծոցի զարգացման հիմնադրամ, որը կօգնի Հորդանանի և Մարոկոյի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ: Երկրներից յուրաքանչյուրը կստանա 2,5 միլիարդ դոլար:
Սեպտեմբերին Պարսից ծոցի երկրները հայտնել էին, որ մտադիր են ստեղծել Մարոկոյին և Հորդանանին օգնություն տրամադրելու հիմնադրամ, սակայն օգնության չափը որոշվելու էր միայն դեկտեմբերին:








































