Fitch Ratings գործակալությունը նախազգուշացրել է, որ իջեցնելու է Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (EFSF) վարկանիշը այն դեպքում, եթե իջեցվի Եվրոպայի խոշոր տնտեսությունների` Ֆրանսիայի և Գերմանիայի վարկ տալու հնարավորության գնահատականը: Այս մասին ասվում է գործակալության մամլո հաղորդագրության մեջ:
Ներկայումս EFSF-ը, ինչպես նաև Գերմանիան և Ֆրանսիան, ունի մաքսիմալ վարկային վարկանիշ` AAA:
Fitch Ratings-ը չի վերանայում EFSF-ի էմիտենետի վարկանիշերը. գնահատական ստանում են հիմնադրամի պարտքային արժեթղթերի առանձին թողարկումները: Իր հերթին, նրա պարտատոմսերի պետական երաշխիքները տալիս են եվրոգոտու երկրները: Ֆրանսիայի և Գերմանիայի պետական երաշխիքների բաժինը կազմում է 80 տոկոս, այդ պատճառով EFSF-ի պարտատոմսերի վարկանիշը կախված է այդ երկրների վարկ տալու հնարավորության գնահատականից, նշվում է հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 16-ին Fitch-ը առավելագույն մակարդակի վրա է թողել Ֆրանսիայի վարկային վարկանիշը, սակայն փոխել է նրա նկատմամբ կանխատեսումը` «դրականից» «բացասական»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Standard & Poor’s-ը վերանայել է EFSF-ի վարկանիշի հնարավոր իջեցումը: Բացի այդ, դեկտեմբերի 5-ին գործակալությունը վարկանիշի վերանայման ցուցակում ընդգրկել է եվրոգոտու 17 երկրներից 15-ին:









































