«Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե ընկերության ավանդական արտադրատեսակների` կաթի, մածունի, թթվասերի, կաթնաշոռի մեջ իսպառ բացակայում են բուսական յուղերը:
Ըստ նրա` կան արտադրատեսակներ, որոնց բաղադրության մեջ անհրաժեշտ է բուսական յուղի առկայությունը` քաղցր պանրիկ, սփրեդ, հալած պանրիկ, պաղպաղակ:
Նա հաստատեց, որ ընկերությունը որոշ տեսականու մեջ օգտագործում է կոկոսի յուղ, որն ամբողջողվին մակնշվում է:
«Կոկոսի յուղը վնասակար չէ, տեխնիկական կանոնակարգով թույլատրված է: Մենք լիովին գիտակցում ենք մեր սպառողների անհանգստությունը, որոնցից շատերը երեխաների համար են գնում արտադրանքը»,- նշեց Ս. Ասլանյանը` առաջարկելով ընկերության ցանկացած դասական արտադրանքը ցանկացած հավատարմագրված լաբորատորիայում հետազոտել:
«Աշտարակ կաթ»-ի տնօրենը հրաժարվեց մեկնաբանել այն ենթադրությունը, թե այս ամենի նպատակը շուկայում ընկերության դիրքերը թուլացնելն է: Նա հավաստեց, որ իրենց բոլոր արտադրատեսակների վրա մակնշումը կատարված է օրենքին համապատասխան:
«Ես չունեմ ոչ մի լաբորատոր հետազոտության արդյունք, նույնիսկ վստահ չեմ, որ հետազոտություն է կատարվել»,- հայտարարեց Ս. Ասլանյանը:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին` ի՞նչ քայլեր եք նախատեսում ձեռնարկել, ընկերության տնօրենը հայտնեց, որ ՏՄՊՊՀ արձանագրությունն առ այսօր չեն ստացել: Պաշտոնապես ստանալուց հետո նրանք 10 օր ժամանակ ունեն` պատասխանելու համար:
Ըստ Ս. Ասլանյանի` չեն ստացել նաև հանձնարարական խանութներից արտադրանքը հետ կանչելու վերաբերյալ: Միաժամանակ, նա չբացառեց դատական գործընթացը, քանի որ իրենք չեն ընդունում ՏՄՊՊՀ մեղադրանքը:








































