Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ, Մոսկվայում Իրանի դեսպանատան ներկայացուցիչը հերքել է Ռուսաստանից Իրանի ռադիոակտիվ նյութեր ներկրելու մասին տեղեկատվությունը։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Թեհրան» չվերթի ուղևորներից մեկի բեռում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր։
Այս կապակցությամբ Մոսկվայում Իրանի դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել է, որ իրականում խոսքը մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ մաքսային զննման ժամանակ իրանցի ուսանողի մոտ հայտնաբերվել էին այնպիսի նյութեր, որոնք գործածվում են ատամնաբուժության ոլորտում.
«Այդ միջադեպն անմիջապես հարթվել էր և իրանցի ուսանողից ներողություն էին խնդրել։ Ներկայումս նման տեղեկատվություն տարածողներն արևմտյան աղբյուրներն են, որոնք դրանով նպատակ են հետապնդում բարդացնել ռուս-իրանական հարաբերությունները»։









































