Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի քանի բնակիչներ զանգահարել են «ժողովուրդ»-ի խմբագրություն և տեղեկացրել, որ որոշ ժամանակ առաջ գործարար Սիլվա Համբարձումյանն իրենց գյուղում փոսեր է փորել՝ պղինձ գտնելու նպատակով, սակայն կարճ ժամանակ անց` հեռացել է:
«Ըստ գյուղացիների՝ Համբարձումյանը գումարներ է խոստացել համայնքի ղեկավարին, սակայն չի վճարել, վիճել է նրա հետ ու անդարձ հեռացել»:
Թերթը զրուցել է տիկին Սիլվայի հետ՝ պարզելու, թե որքանով են իրական գյուղացիների պատմածները:
«Մենք լիցենզիա ունենք ուսումնասիրության համար: Այո՛, իսկապես հորատել ենք, տվել ենք անալիզի նմուշները, բայց դեռևս պատասխաններ չենք ստացել: Մենք ընդամենը հորատել ենք և որևէ վնաս չենք հասցրել».- ասել է տիկին Համբարձումյանը:
Նաև հերքել է տեղեկությունը, թե ինքը որևէ գումար է պարտք համայնքի ղեկավարությանը: «Ես ոչ մեկին պարտք չեմ»,- հավելում է թերթը:










































