Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ, Ստամբուլի իշխանությունները հավանության են արժանացրել քաղաքի պատմական թերակղզու պահպանման պլանը։ Պատմական թերակղզին քաղաքի այն հատվածն է, որն ընկած է քաղաքային հին պարիսպներից դուրս։
Այդ տարածքում դեռևս պահպանվել են հռոմեական, բյուզանդական և օսմանյան ժամանակաշրջանի բազմաթիվ մշակութային հուշարձաններ։
Պլանով նախատեսվում է հողին հավասարեցնել ապօրինի շինությունները, պահպանել մշակութային հուշարձանների շուրջն ընկած կանաչ տարածքները, և արգելել դրանց մոտ նոր շինությունների կառուցումը։
Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի առաջ թուրքական Hürriyet թերթի հոդվածագիր Ջենգիզ Չանդարն իր «Եթե չլինեին հայերը, կլինե՞ր արդյոք Ստամբուլը» խորագրով հոդվածում նկարագրել էր Ստամբուլի դիմագծի ձևավորման հարցում հայերի ներդրումը։
Դրա հետ մեկտեղ Չանդարը մտահոգություն էր հայտնել 1915 թվականին կատարվածի առնչությամբ՝ ընդգծելով. «Մենք բոլորս պետք է մտածենք, թե ինչպես պատահեց, որ 1915 թվականից հետո մեր երկիրն ամայացավ: Ինչպես էլ որ անվանեն այդ կոտորածները՝ ցեղասպանություն, զուլում կամ սուտ պատմություն, միևնույն է, դրանք թշվառություն բերեցին մեր երկրին»:









































