Lenta.ru-ն, վկայակոչելով ամերիկյան The New York Times թերթին, հայտնում է, որ Մանհեթենի Դաշնային դատարանը վճռել է, որ Իրանի իշխանություններն օգնել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ահաբեկչություն իրականացրած անձանց։ Դատարանն այդպիսի եզրահանգման է եկել պատասխանատուների չներկայանալու պատճառով։
Պատասխանատուների թվում շոշափվում են Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին, ինչպես նաև «Հըզբոլլահ»-ի լիբանանյան շիական շարժումը, «Թալիբան»-ը և «Ալ Քաիդա»-ն։
Նշվում է, որ դատական հայցը ներկայացվել է այս տարվա մայիսին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի տասնյակ հարազատների կողմից։ Հայցվորները պնդում են, որ Իրանի բարձրագույն ղեկավարությունը ԱՄՆ-ի դեմ գործում է «Ալ Քաիդա»-ի հետ համատեղ։
Իրանական իշխանությունների և «Ալ Քաիդա»-ի միջև կապն ապահովել է «Հըզբոլլահ»-ի ռազմական օպերացիաների կոորդինատոր Իմադ Մուղնիյեհը, որը սպանվել է 2008 թվականին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ չի հավատում, թե 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն իրականացրել է «Ալ Քաիդա»-ն՝ ընդգծելով, որ դա կազմակերպել է հենց ինքը՝ ԱՄՆ-ը։









































