Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Վրաստան այցելած Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դեռևս ճշգրտված չէ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրացական այցի ժամկետը։
Ըստ Ռուբինի՝ ներկայումս ընթանում են այդ այցի ժամկետի հստակեցման աշխատանքները. «Թեև Քլինթոնի վրացական այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ, արդեն հայտնի է, որ Քլինթոնը Վրաստանում պաշտոնատար անձանց հետ ունենալու է հանդիպումներ, որոնցում կողմերը քննարկելու են տնտեսական, առևտրային հարաբերություններին առնչվող հարցեր։
Բացի այդ, քննարկվելու են պաշտպանական ոլորտում երկու երկրների գործընկերության հարցը, Վրաստանում սպասվող ընտրությունները և հաջորդ տարվա մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովը»։
Հիշեցնենք, որ վրացի ընդդիմադիր կուսակցապետ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Քլինթոնը Վրաստան է այցելելու ձմռան առաջին կեսին։









































