2011 դեկտեմբերի 10-ին Սևրում կայացել է Արևմտահայերի երրորդ համագումարը, որին ներկա էին նախկին Օսմանյան կայսրության և հայ քաղաքացիների ժառանգները` Ֆրանսիայից, Եգիպտոսից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, ՀՀ-ից և Ռուսաստանից:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը այսօր լրագրողներին ներկայացրեց 2012-2013թթ. կայանալիք Արևմտահայերի ազգային համագումարի առաջնահերթ նպատակը, ըստ որի`մշակելու են այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կընձեռեն պաշտպանել արևմտահայերի շահերն ու ոտնահարված իրավունքները:
Ինչպես ասաց Ա. Ախոյանը, հայությունն այժմ ունի նոր հնարավորություններ` պայքարելու ընդհատված Հայոց հարցի արդարացի լուծման համար:
«Մենք չենք ասում` սա ամենակատարյալն է, բայց կոչ ենք անում մնացածին հավաքվել, որովհետև բոլորիս նպատակը նույնն է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ համագումարը արտահայտում է մեծ համայնքների կարծիքը` Ամերիկա, Կանադա, ՀՀ, Ռուսաստան, Լիբանան և այլն: Նրա խոսքերով` բոլորիս նպատակը մեկն է, ճանապարհներն են տարբեր:
Հայ-ռուսական սլավոնական համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահան Մելքոնյանն էլ նշեց, որ վերջին հարյուր տարվա ընթացքում հայությունն այդպես էլ չի կարողացել ձևավորվել որպես համաշխարհային համահայկական գործոն, Սփյուռքը չի միավորվում, Սփյուռքում կան բազմաթիվ կազմակերպություններ:
«Այս համագումարից պահանջել, որ այն կներկայացնի ամբողջ արևմտահայության շահերը, լուրջ չէ: Սա հասկանում են նաև սփյուռքահայերը: Սա մեր գործունեության առաջին քայլն է, նպատակը. աշխատանքի ճանապարհին բազմաթիվ այլ համայնքներ և գործիչներ կմիավորվեն այս շարժմանը»,- նշեց Վ. Մելքոնյանը:
Նա նաև նշեց, որ Արևմտահայերի 3-րդ համագումարի կազմակերպման անհրաժեշտությունը առաջացավ նորանկախ Հայաստանի պայմաններում: 2006-ի դեկտեմբերից իր գործունեությունն է ծավալել Արևմտահայերի երրորդ համագումարի նախապատրաստման և անցկացման միջազգային կազմակերպման կոմիտեն: Դրա հետ կապված 12 նիստ է կայացել` Փարիզում, Հայաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, կազմակերպվել են գիտաժողովներ:
«Գաղտնիք չէ, որ վերջին 90 տարիներին Սփյուռքում արևմտահայերի շահերը ներկայացնող մարմիններ չեն ձևավորվել, և սա շատ կարևոր և այժմեական խնդիր է»:
Ի դեպ, համագումարի ընթացքում ձևավորվել են տարածաշրջանի պատասխանատուներ, ովքեր մինչև հունվարի 21-ը նախագահությանը կներկայացնեն իրենց առաջարկները: Դրանք մի քանի ամիսների ծրագիր են, իսկ 12-13թթ. ծրագիրն արդեն իսկ պատրաստ է:








































