The Associated Press-ը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի տեղեկատվության նախարար Հեյդար Մոսլեհին, որը իրականացնում է հետախուզության և անվտանգության նախարարության գործառույթներ, այցելել է Սաուդյան Արաբիա։ Այնտեղ Մոսլեհին հանդիպում է ունեցել արքայազն Նաիֆ բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդի հետ։
Նշվում է, որ այս այցի նախաձեռնողի դերում հանդես է եկել իրանական կողմը, քանի որ վերջին շրջանում բավական վատացել են երկու երկրների հարաբերությունները, ինչի պատճառն այն է, որ հոկտեմբերին ԱՄՆ-ը հայտարարեց, թե բացահայտել է Իրանի հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված մահափորձը Վաշինգտնում սաուդյան դեսպանի դեմ։
Մոսլեհի այցի նպատակը Ռիադի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ, և մասնավորապես Սիրիայում ու Բահրեյնում առկա իրավիճակը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։