Մամուլի նկատմամբ բողոքների հանձնաժողովը (Press Complaints Commission, PCC) The Daily Mail պարբերականին մեղավոր է ճանաչել կեղծ հոդվածներ տպագրելու մեջ, որում Ամանդա Նոքսի արդարացման դատավճիռը փոխարինվել է մեղադրական դատավճռով: Ինչպես հայտնվում է PCC-ի կայքում, հանձնաժողովը որոշել է աջակցել ընթերցողների բողոքներին` այն անվանելով «ոչ ճիշտ» և «շփոթեցնող»:
Հոկտեմբերի 3-ին Ամանդա Նոքսի գործով վերջնական որոշում կայացնելու ժամանակ, որին մեղադրում էին բրիտանացի ուսանողուհի Մերեդիթ Քերչերի սպանության մեջ, The Daily Mail-ը հրապարակել է հոդված, որտեղ հայտնվում էր, որ վճռաբեկ դատարանը Նոքսին ճանաչել է մեղավոր: Իրականում Նոքսին արդարացրել են և հանել բոլոր մեղադրանքները:
Սխալ դատավճռի մասին հոդվածը կայքում մնացել է ընդամենը 90 վայրկյան, սակայն լուրը հասցրել է տարածվել ամբողջ համացանցում: Ավելի ուշ The Daily Mail-ը հրապարակել է ուղղված տարբերակը, ինչպես նաև պաշտոնապես ներողություն է խնդրել ընթերցողներից: Թերթի խմբագրությունը բացատրել է, որ նման դեպքերում հրատարակչությունները սովորաբար պատրաստում են երկու հոդվածներ` իրար հակառակ իմաստով, և այդ դեպքում հրապարակվել է սխալ հոդվածը: Խմբագրությունում նաև հայտարարել են, որ սկսել են ներքին հետաքննություն, և սխալի պատասխանատուն պատժվելու է: Դրա հետևանքով The Daily Mail փոխել է իր խմբագրական քաղաքականությունը նախապես պատրաստված հոդվածների նկատմամբ:
Չնայած Հանձնաժողովը նշել է, որ պարբերականը անմիջապես հերքել է լուրը և ներողություն խնդրել, սակայն հայտարարել է, որ նման հոդվածի հրապարակումը ամեն դեպքում խախտում է լրագրողների Էթիկական օրենսգիրքը: Բացի այդ, Հանձնաժողովը նշել է, որ չնայած իրենք հասկանում են նախապես պատրաստված հոդվածների անհրաժեշտությունը, սակայն իրենց անհանգստացնում են հորինված մանրամասները, մասնավորապես Ամանդա Նոքսի և նրա ընտանիքի ռեակցիան մեղադրական դատավճռի նկատմամբ, ինչպես նաև մեջբերում էին խոսքեր, որոնք չեն հնչել դատարանում: Հանձնաժողովը այդպիսի վերաբերմունքն անվանել է «անթույլատրելի»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Իտալիայի վճռաբեկ դատարանը արդարացրել էր Ամանդա Նոքսին և Ռաֆայել Սոլլեչիտոյին, որոնք մեղադրվում էին Քերչերի սպանության մեջ: Սակայն դատարանը գտել էր, որ հետաքննությունը բավական հիմքեր չունի նրանց մեղքն ապացուցելու համար: Մերեդիթ Քերչերը սպանվել էր Պերուջայում, որտեղ նա սովորում էր: Նրան սպանված էին գտել այն տանը, որը նա վարձակալել էր Նոքսի հետ միասին:









































