2011 թ. սեպտեմբերին «Մեդիամաքս»-ը և ՀՀ Անկախության 20-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովը համատեղ անցկացրել են «Հայաստանը ես եմ» մրցույթը, որին կարող էին մասնակցել Անկախության հռչակման և Անկախության հռչակագրի ընդունման տարեկիցները` 1990-91 թթ. ծնված երիտասարդները: Մրցույթն ուներ մեկ աննախադեպ մրցանակ` հաղթողը պետք է ուղեկցեր Սերժ Սարգսյանին` նրա արտասահմանյան այցերից մեկի ժամանակ:
Սեպտեմբերի 5-ից 20-ը ընկած ժամանակահատվածում 1990 և 1991 թթ. ծնված երիտասարդները ներկայացրել էին 77 էսսե և «Հայաստանը ես եմ» թեմայով
12 լուսանկար:
Հաղթող է ճանաչվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Աբրահամյանը
ՀՀ նախագահի աշխատանքային այցը տեղի կունենա դեկտեմբերի 12-15-ը:
Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի, Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի, Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի, Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի, Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ:
Հռոմում Սերժ Սարգսյանը կայցելի նաև Բրասկի թանգարանում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդես, Վենետիկում կմասնակցի երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո բացվող «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսին, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: Սերժ Սարգսյանը Վենետիկում հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների և Իտալիայի հայ համայնքի ավելի քան երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:









































