Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը, անդրադառնալով այսօր աշխարհում նշվող մարդու իրավունքների միջազգային օրվան, նշեց, որ իրավունքն առաջին հերթին մարդու հնարավորությունն է, որովհետև իրավունքի միջոցով է մարդը կարողանում իր երջանկությունը գտնել: Նրա խոսքերով, իրավունքը նախևառաջ մարդուն հնարավորություն է տալիս բացահայտել իր ունակությունները, եթե չկա իրավունք, շատ դեպքերում դա արգելվում է մարդուն:
Հասարակություններում, որտեղ ոչ թե իրավունք, այլ թասիբ է պաշտպանվում, ազգագրագետի մեկնաբանմամբ, շատ դեպքերում մարդիկ չեն կարողանում ինքնիրացվել. «Մեզ մոտ թասիբ են պաշտպանում, իրավունք չեն պաշտպանում, դրա համար հիմնականում պայքարը գնում է այդ թասիբային մակարդակում, ու դրա համար մեր հասարակությունն ավելի խմբակային է, որովհետև թասիբը ինքը խմբակային է, այնինչ իրավունքը խիստ անհատական երևույթ է»,- ասաց Ա. Թադևոսյանը:
Ըստ ազգագրագետի՝ իրավունքն ու պատասխանատվությունն այն դեպքում են ի հայտ գալիս, երբ գործ ունենք անհատների ինստիտուտի կայացման հետ: Դրա համար էլ, նրա խոսքերով, պատահական չէ, որ մարդու իրավունքն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ ի հայտ է գալիս այդ անհատականության՝ որպես սոցիալական հասարակական գործոնի ընդունումը և ընկալումը այդ միջավայրում:
«Պատահական չէ, որ արևելյան միջավայրերում իրավունքը չի կարևորվում, կարևորվում է արևմտյան միջավայրերում, որովհետև Արևմուտքը ավելի անհատակենտրոն հասարակություն է, իսկ իրավունքն ըստ էության կապիտալիզմի ծնունդն է»:
Մեզ մոտ, սակայն, ազգագրագետը չի նկատում թասիբից իրավունքի անցում. «Թասիբը մի բան է, որը ներկայացնում է շրջապատի կարծիքը և մարդուն ենթարկեցնում այդ կարծիքին, իսկ իրավունքը, ընդհակառակը, մարդուն կարողանում է ինքնորոշում տալ»,- ասաց ազգագրագետը` նշելով. «Քանի որ մեզ մոտ մտածողությունը շատ շրջանակներում ինդիվիդուալ չէ, ընդհակառակը՝ դատապարտում է ինդիվիդուալիզմը, շատ դեպքերում մերոնք չեն էլ ընկալում մարդու իրավունքը»:







































