ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Մոսկվայում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծված միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի և ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի մասնակցությամբ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև աշխատանքային խմբի համանախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կողմերը նախ դրական են գնահատել աշխատանքային խմբի ձևավորումը` նկատելով, որ վերջինիս մշտական գործունեությունը նոր մակարդակի վրա կդնի մինչ այժմ երկու երկրների տարածաշրջանների միջև եղած փոխգործակցությունը` նպաստելով դրանք առավել կանոնակարգված և փոխշահավետ դարձնելուն:
Երկուստեք հաջողված է համարվել ապրիլին Երևանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը, ինչը նոր խթան հանդիսացավ ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների զարգացման համար: Նշվել է, որ թե Հայաստանում, թե Ռուսաստանում առկա է փոխգործակցությունը զարգացնելու հետաքրքրվածություն, այդ իսկ պատճառով կարևորվել է գալիք տարվա ընթացքում երկրորդ նմանատիպ համաժողովի անցկացումը, որի ժամանակ շեշտը կդրվի առավել գործնական կապերի զարգացման, համատեղ ծրագրերի իրականացման վրա:
Քննարկումների արդյունքում ձևավորվել է այն հարցերի շրջանակը, որոնք 2012թ. լինելու են աշխատանքային խմբի օրակարգում: Խումբը գործունեություն կծավալի միջտարածաշրջանային համագործակցության զարգացման, հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի նախապատրաստման, իրավապայմանագրային բազայի զարգացման եւ դյուրացման, բազմաբնակարան շենքերի կառավարման և կոմունալ տնտեսության ոլորտում փորձի փոխանակման ու համագործակցության, տարածքային համաչափ զարգացման ծրագրերի մշակման և իրականացման հարցում փորձի փոխանակման, հումանիտար և զբոսաշրջային ոլորտներում գործակցության ուղղությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանի մարզպետարանների և ՌԴ տարածաշրջանների վարչակազմերի արտաքին տնտեսական համագործակցության հարցերով պատասխանատուների մասնակցությամբ կլոր սեղան-քննարկում կազմակերպելու վերաբերյալ` երկրորդ համաժողովի օրակարգի համար առաջարկություններ մշակելու նպատակով:
Աշխատանքային խումբն ստեղծվել է երկու երկրների միջև միջտարածաշրջանային մակարդակով համագործակցությունը զարգացնելու նպատակով: Խմբի ստեղծման որոշումը կայացվել էր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստում:











































