Սփյուռքահայ մտավորական մի քանի սերունդների վրա նշանակալի ազդեցություն թողած արձակագիր, գրաքննադատ, մանկավարժ Հակոբ Օշականը արևելահայ հատվածի համար այնքան էլ ճանաչված հեղինակ չէ: Նրա գրական ստվար ժառանգությունը մեզանում, չնչին բացառությամբ, հրատարակված չէ: Վերջին տասնամյակներում միայն որոշակի քայլեր արվեցին Օշականի լեզվամտածողական բարդ շերտեր թափանցելու, դրանք ուսումնասիրելու նրա գրական ժառանգությանը ծանոթացնելու ուղղությամբ, եղան հրատարակություններ, Օշականն ընդգրկվեց բուհական մասնագիտական ծրագրերում, պաշտպանվում են դիսերտացիաներ, անցկացվում քննարկումներ:
Պոլսի մերձակա Բուրսա քաղաքում ծնված Հակոբ Օշականը (Հակոբ Քյուֆեճյան) դժվար մանկություն է ապրել, վաղ հասակում զրկվել է հորից: Մետաքսաթելի մանարանում աշխատող մայրը ծանր աշխատանքով է մեծացրել որդուն, կրթության տվել: Սովորել է Բուրսայի ազգային վարժարանում, առաջին պատմվածքը («Առաջին արցունքը») գրել է 1902 -ին: 1921-ին «Խոնարհներ» ժողովածուով լուրջ հայտ է ներկայացրել արևմտահայ գրական միջավայրում:
Կյանքի հետագա շրջանն արտակարգ բեղուն է եղել: Մանկավարժությամբ է զբաղվել Երուսաղեմի Ժառանգավորաց և Կիպրոսի Մելգոնյան վարժարաններում: Երուսաղեմի մենախցում ճգնավորական կյանքի անցած գրողը ստեղծել է իր հիմնական աշխատանքները, բազմաթիվ պատմվածքներ, «Ծակ պտուկը» վիպակը, «Մնացորդաց» եռահատոր վեպը, արևմտահայ գրականության վերջին հարյուրամյակի գրականագիտական համակարգված «Համապատկեր արևմտահայ գրականության» 10-հատորյա ուսումնասիրությունը, «Հայ մատենագիրներ» դասագիրքը և այլն: Օշականը կատարել է նաև թարգմանություններ, տիրապետել է մի շարք օտար լեզուների: Բացառիկ ինքնատիպ անհատականություն է եղելՙ մտածողությամբ, նաև գրական սովորույթներով: Դժվարահաճ է եղել իր գրական համակրանքներում, Վահան Թեքեյանի հանդեպ ունեցել է առանձնակի վերաբերմունք, ընդունել է մասնավորապես Դոստոևսկուն:
Հետաքրքրական է հատկապես 1915-ին Պոլսում գտնվող գրողի ճակատագիրը: Մեր երեք մեծերիՙ Վահան Թեքեյանի, Երվանդ Օտյանի և Կոստան Զարյանի պես նա էլ հրաշքով փրկվեց թուրքական արնածոր յաթաղանից: Պատսպարվել է պոլսահայ մի ընտանիքում, բազմիցս փախուստ է տվել թուրք ոստիկաններից, ութ անգամ ձերբակալվել է, բայց միշտ կարողացել է փախուստի դիմել: Վերջապես գերմանական սպայի համազգեստով նրան հաջողվել էՙ որպես գերմանացի ենթասպա, անցնել Բուլղարիա:









































