Կենտրոնական հետախուզական վարչությունը Բուխարեստում կառավարական շենքը մի քանի տարի օգտագործել է որպես բանտ առավել վտանգավոր հանցագործների համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով մի քանի աղբյուրների:
Գործակալության տվյալներով՝ ԿՀՎ-ի գաղտնի բանտը՝ «Պայծառ գույն» (Bright Light) գաղտնաբառով, գտնվում էր Ռումինիայի մայրաքաղաքի հյուսիսում, մարդաշատ վայրում: Պաշտոնապես այստեղ գտնվում է Պետական գաղտնիքների ազգային գրանցման բյուրոն, որում պահվում են ՆԱՏՕ-ի և ԵՄ գաղտնի տվյալները: Այս շենքում որոշ ժամանակ պահվում էին 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչները, որոնց հետագայում տեղափոխել են Գունտանամոյում գտնվող ամերիկյան բանտ:
Ռումինիայում ԿՀՎ գաղտնի բանտի գոյության մասին հաղորդվել էր ավելի վաղ, սակայն կոնկրետ վայրը չէր նշվում: Ամերիկյան հատուկ ծառայությունները բանտեր ունեին Թաիլանդում, Լիտվայում, Լեհաստանում և այլ երկրներում: Իրավապաշտպանների տվյալների համաձայն` այս բանտերում ահաբեկչության մեջ կասկածվողներին ենթարկում էին կտտանքների:
2006 թվականին այս բանտերի մեծամասնությունը փակվել էր, իսկ 2009 թվականին Բարաք Օբաման ամբողջովին դադարեցրել էր ԿՀՎ-ի համապատասխան ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում էին ենթադրյալ ահաբեկիչների հարցաքննություններն ու ձերբակալությունները:









































