«Առաջին լրատվական»-ի Real Politic հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը:
– Վերջին տարվա ընթացքում քաղաքական իրադարձությունները բավականին բուռն զարգացում ունեցան` չկան քաղբանտարկյալներ, տեղի ունեցավ երկխոսություն, քաղաքական վայրիվերումներ, իսկ այսօր էլ Հայ ազգային կոնգրեսը համագործակցության առաջարկ է արել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչն, ըստ Կոնգրեսի առաջնորդի, քաղաքական դաշտում խոստանում է նոր իրավիճակ տեսնել: Գործընթացների այս ամբողջությունն ինչպե՞ս կգնահատեք:
– Կարծում եմ` բուռն քաղաքական զարգացումներ եղան հենց տարեսկզբին, որովհետև այդ ժամանակ այնպես դասավորվեցին ներքին և արտաքին հանգամանքները, որ երկրում ստեղծվել էր հեղափոխական իրավիճակ, և ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ նախկին ԽՍՀՄ ապօրինի ռեժիմների լիդերները խուճապի մեջ էին, քանզի արաբական հեղափոխությունների ալիքը կարող էր հանգիստ սրբել ու տանել նաև այս տարածքում ստեղծված ռեժիմներին: Այդ ժամանակ բաց թողնվեց Հայաստանում թավշյա հեղափոխություն անելու շանսը, և մենք զրկվեցինք երկիրը բարեփոխելու և զարգացման ուղու վրա կանգնեցնելու բացառիկ հնարավորությունից: Դրանից հետո զարգացումները եղել են ավելի շատ իմիտացիոն բնույթի և տարբեր տեսակի անակնկալներ են մատուցվել հասարակությանը` ի դեմս անսպասելի երկխոսության ավազակապետության հետ, այնուհետև այդ երկխոսության շատ անսպասելի դադարեցման, հետագայում էլ` ձևականության հոտ բուրող շուրջօրյա նստացույցի, հիմա էլ եկել հասել ենք ԲՀԿ-ի հետ կապված քաղաքագիտական անալիզին: Լևոն Տեր-Պետրոսյանը սիրում է անակնկալներ մատուցել հասարակությանը, և օրվա անակնկալը հենց ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցն է, որովհետև իրական որևէ բան չկա այդ հայտարարության մեջ. որևէ մեկի մտքով չէր անցնի, որ ՀԱԿ-ը մի տեղից սկսելով` կարող է գալ հասնել մի այնպիսի հանգրվանի, որ անթաքույց համագործակցության առաջարկ կանի իշխանության հենասյուն համարվող կուսակցություններից մեկին: Բայց կարծում եմ, որ այն դիտարկումները, թե այդ առաջարկից հետո Ծառուկյանն այնպիսի թակարդի մեջ է հայտնվել, որ մնում է Դուբայում ինքնասպան լինի պրծնի, ամենևին էլ այդպես չէ, և ես չեմ կարծում, որ Ծառուկյանը թակարդի մեջ է հայտնվել, բայց խնդիրն այն է, որ հասարակությանն ու լրագրողներին հետաքրքիր թեմա տրվեց, և երկրորդ` աղոտ հույս կա շահագրգռել Ծառուկյանին, որ շարունակի իր առավել ինքնուրույն գործունեությունը` խնդիր դնելով պառակտել իշխանությանը և դրանով թուլացնել ու հաղթել նրան: Տեսականորեն ճիշտ է, բայց հարց է` ո՞ր դեպքում Ծառուկյանը կփոխի իր ճամբարը: Այս իշխանական ճամբարում նա ունի իր բեզնեսի ապահովվածությունը, ունի սեփական կուսակցություն և ունի խմբակցություն խորհրդարանում, իսկ այդ բոլորը նա կարող է վտանգել այն դեպքում, եթե ունենա երաշխիքներ, որ նույնը կլինի նաև մյուս ճամբարում: Բայց այս մյուս ճամբարը հայտարարել է, որ ուզում է դարձնել Հայաստանը օրենքի երկիր, իսկ այդպիսի երկրում ես չեմ պատկերացնում Ծառուկյանի տիպի կերպարներ, իսկ եթե Կոնգրեսում արդեն պատկերացնում են, ապա շատ մեծ հարց է առաջանում, թե արդյոք պետք է նման ուժին սատարել:
– Իսկ եթե ամեն գնով Սերժ Սարգսյանին տապալելու խնդիր կա, և եթե այդ գներից մեկը լինի Ծառուկյանը, ինչո՞ւ ոչ:
– Ոչ թե խնդիր կա ամեն գնով Սերժ Սարգսյանին տապալելու, այլ ամեն գնով երկիրը օրինականության դաշտ վերադարձնելու:
– Ասում են այսօր Գ. Ծառուկյանի առաջ երկու ընտրություն կա` ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով գնալ, կամ էլ գնալ դեպի ընդդիմություն:
– Ինչո՞ւ: Երրորդը չկա՞: Բազմիցս դրա մասին ասվել է` ԲՀԿ-ն առանձին գնալու է ընտրությունների: Նրանք ստորագրել են կոալիցիոն հուշագիր, որտեղ գրված չէ, որ պետք է միասնական ցուցակով մասնակցեն խորհրդարանական ընտրություններին:
– Հուշագիրը ստորագրել էին, բայց Գագիկ Ծառուկյանը նշում էր, որ նախագահին սատարելու վերաբերյալ նոր հայտարարությունը կլինի հաջորդ դասին, այսինքն` այդ հուշագիրը սկսում է չաշխատել:
– Ես կասկած չունեմ, որ Գագիկ Ծառուկյանի շրջապատում կան մարդիկ, ովքեր անընդհատ իրեն ասում են` դու արժանի ես ավելինին, կասկած չունեմ, որ ինքն էլ է իր մասին այդպես մտածում, այդ պատճառով էլ այս բոլոր ցավագին շփումները իշխանության ներսում բնական են, և ես չեմ երաշխավորի, որ ընտրությունների ժամանակ Ծառուկյանը կամ մեկ այլ անձ չի փորձի ընտրական գործընթացներում հաղթանակած դուրս գալ:
– Ներկայումս ԲՀԿ տարածքային կառույցների ղեկավարների ձերբակալություններ են տեղի ունենում տարբեր մեղադրանքներով, և ԲՀԿ-ն հայտարարեց, որ դրանում արդեն օրինաչափություն է տեսնում:
– Երևի իրենք ավելի լավ գիտեն իրենց կադրերին, գուցե և ինչ-որ օրինաչափություն կա, որովհետև այդպիսի պրոֆիլակտիկ գործողությունների իշխանությունը անընդհատ էլ դիմում է:
– Բայց դա անում է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկից հետո:
– Մինչ այդ էլ է արել, օրինակ` խորհրդարանի խոսնակի հրաժարականը ես ևս դիտում եմ պրոֆիլակտիկ գործողությունների շարքում:
– Այսինքն` կարծում եք, որ այդ հրաժարականները ևս ինչ-որ հո՞ղ էին պատրաստում ներկայիս զարգացումների համար, որպեսզի ԲՀԿ-ն նեղ իրավիճակում հայտնվի և ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով հանդես գա:
– Այդպիսի պլաններ նախագահական շրջապատից միշտ էլ ցույց են տվել, որ կուզենային ավելի կուռ, ավելի կառավարելի «Բարգավաճ Հայաստան» ունենալ իրենց կողքին, և ձգտում են դրան, ու ես կարծում եմ, որ բավականին լծակներ ունեն դրա համար, ու հենց դա է պատճառը, որ ես կասկածում եմ, որ Ծառուկյանը կարող է փոխել իր ճամբարը:
– Ձեր կարծիքով` այս ընթացքում Հայ ազգային կոնգրեսը ի՞նչ պետք է աներ իր նպատակին հասնելու համար, որ չի արել:
– Նախ այդ երկխոսությունն ի սկզբանե պարզ էր, և շատերն էին ասում, որ դա անիմաստ է: Մեզ համոզում էին, որ իրենք կարող են Դավիթ Հարությունյանի հետ նստել և գալ պայմանավորվածության, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու, դրան ոչ մեկն էլ չէր հավատում: Տապալված երկխոսությունից հետո կարծես թե ճիշտ ընտրություն էր կատարվել, և պետք էր սկսել քաղաքացիական անհնազանդության գործընթացը, բայց հենց առաջին օրը, երբ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե անհնազանդության գործողությունները սկսվում են, շարժման առաջնորդը հայտարարեց, որ իրենք չեն փակել երկխոսության դուռը և պատրաստ են շարունակել այն, և քաղաքացին, այդ թվում` նաև ես, սկսում է մտածել` հիմա ես գնամ մասնակցեմ նստացույցին ու զանգվածային անհնազանդության քայլերին, ու հանկարծ էլի նման անակնկալ լինի, ու նորից սկսեն այդ անպտուղ երկխոսությունը: Ու դա է պատճառը, որ այդ նստացույցերը չհաջողվեցին` ոչ թե հասարակությունը չի ուզում պայքարել, այլ նա չի տեսնում իրական առաջնորդող ուժ և արդեն վստահություն չունի: Կոնգրեսը պետք է ձգտեր մաքսիմալ ընդլայնելու այն շարժումը, որը ստեղծել էր և դրա համար պետք է ստեղծեր հանդուրժողականության այնպիսի մի դաշտ, որ իրարից շատ տարբեր կուսակցությունները, քաղաքական միավորումները գային ու համախմբվեին ընդամենը մեկ-երկու կետի շուրջ` որ իրականացնելու են Սերժ Սարգսյանի հեռացման գործընթացը, ինչից հետո էլ պայմանավորվելու են խաղի կանոնները, թե ինչպես է ժողովուրդը ձևավորելու նոր իշխանություն: Ցավոք սրտի, մենք տեսանք, որ բոլոր քիչ թե շատ տեսանելի գործընկերներին հարված հասցվեց:
– Այսօր Ձեր գաղափարակից, Ձեր զինակից ընկերներից ոմանք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր անդամներ են, Ձեզ առաջարկ արվե՞լ է հարել այդ կուսակցությանը:
– Այո՛, նման առաջարկ արվել է, բայց ես երկար մտածեցի և գտա, որ չեմ ուզում որևէ կուսակցության անդամ լինել, որովհետև կուսակցության անդամակցելը նշանակում է, որ ես ընդունում եմ, որ մենք նորմալ երկրում ենք ապրում, կմտնեմ ինձ հարազատ կուսակցություն, կմասնակցեմ նորմալ քաղաքական պայքարին, բայց մեր երկրում այդ իրավիճակը չէ, և իմ նպատակն էլ ինչ-որ ձևով խորհրդարան սողոսկելը չէ: Մեր երկրում պետք են համակարգային փոփոխություններ, և փորձը ցույց է տալիս որ դրան մենք չենք կարող հասնել նորմալ քաղաքական պրոցեսների միջոցով, ինչն էլ նշանակում է, որ մենք ըստ էության չունենք կուսակցություններ և երբ նայում ենք` կուսակցությունները կա՛մ սեկտաներ են, կա՛մ մեկ մարդու սպասարկող խմբավորումներ են, ու այդպիսի իրավիճակում ինձ ձեռնտու չէր գնալ ու զբաղվել տեսական քաղաքական գործունեությամբ:
– «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ասել է, թե իրենք Արևմուտքի ֆորպոստն են Հայաստանում, մեկ այլ կուսակցություն էլ հայտարարում է, թե Ռուսաստանի ֆորպոստն է, ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
– Եթե դա իսկապես այդպես է, ապա վատ եմ գնահատում, որովհետև ոչ մեկի ֆորպոստն էլ պետք չի լինել, այլ առաջին հերթին պետք է լինել սեփական երկրի տերը, երկրորդ հերթին պետք է փորձել բնականոն հարաբերություններ զարգացնել հարևանների, գերտերությունների հետ: Բայց ֆորպոստ լինելը ո՞րն է, այսինքն՝ ուրիշի շահեր ներկայացնել սեփական երկրում:
– Դուք ասում եք, որ ընտրությունների ճանապարհով փոփոխությունների հասնել հնարավոր չէ, այդ դեպքում ո՞րն է Ձեզ համար ընդունելի ճանապարհը:
– Քվեարկության և արդյունքների ամփոփումը չի բերում փոփոխություն, որովհետև կեղծում են, բայց ընտրությունները որպես քաղաքական պայքարի միջոց օգտագործելը ընդունելի է, և դա տեղի ունեցավ 2007-2008 թթ.: 2007-ին ես և Լևոն Տեր-Պետրոսյանի շատ աջակիցներ չէինք էլ կարծում, որ քվեները հաշվելուց հետո մենք կարող ենք հաղթել, մեծամասնությանը պարզ էր, որ արդյունքում լինելու է հետընտրական պայքար: Իսկ հիմա երբ ՀԱԿ-ն ասում է, թե ամեն ինչ արել են և անում են արտահերթ ընտրությունների համար, իհարկե, ընդունելի չէ, որովհետև տեսնում ենք, որ պայքարը մինչև տարեվերջ է՛լ ավելի մարեց: Ու նաև ասում են, թե պետք է մասնակցեն հերթական ընտրություններին` եթե պետք է մասնակցեն պարզապես մասնակցելու համար և բավարարվեն Բաղրամյանից իջեցված փշրանքներով, դա անընդունելի է, իսկ եթե ուզենան օգտագործել այդ գործընթացը իրական պայքարի համար, իհարկե, պետք է օգտագործել:
– Ինչպե՞ս օգտագործել, օրինակ՝ «Սարդարապատը» ընտրական որևէ գործընթաց մերժում է:
– Ես կարծում եմ, որ երբ «Սարդարապատը» խոսում է ընտրական գործընթացները մերժելու մասին, ի նկատի ունի այն հանգամանքը, որ այն ուժերը, որոնք կարծում են, թե զուտ ընտրություններով հնարավոր է ազատվել այս ռեժիմից՝ ինքնախաբեությամբ են զբաղված: Ընտրական շրջանը մի շարք հնարավորություններ է ապահովում, որոնք կարելի է և պետք է օգտագործել բուն պայքարի համար, որը ես տեսնում եմ միայն զանգվածային անհնազանդության միջոցով:









































