Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ, Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին Իզմիրում կնքված թուրք-ադրբեջանական գազային համաձայնագրերի փաթեթի ստորագրումը լավ հնարավորություններ է բացում Nabucco գազատարի նախագծի իրագործման համար.
«Թուրքիան աջակցում է Nabucco-ի նախագծին։ Դրա իրագործման դեպքում Թուրքիան կվերածվի էներգետիկ կամրջի, կմեծանա էներգակիրների մատակարար ու սպառող երկրների կախվածությունը Թուրքիայից։ Դրանով կավելանա Թուրքիայի միջազգային կշիռը։
Թուրքիայի ռազմավարական դիրքը նրան հնարավորություն է ընձեռում Կասպյան տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի ու Միջին Ասիայի էներգակիրները սեփական տարածքով անվտանգ հասցնել Եվրոպա և այլ շուկաներ։ Դա Թուրքիային առավելություն է ընձեռում՝ թե՛ էներգակիրների մատակարար, թե՛ էներգակիրներ սպառող երկրների նկատմամբ»։
Հիշեցնենք, որ Իզմիրյան գազային համաձայնագրի կնքումից հետո Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ այլևս ոչ մի խոչընդոտ չմնաց թուրքական տարածքով ադրբեջանական գազը Եվրոպա տարանցելու հարցում։








































