Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակության հետ կապի վարչությունը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Բոննում մասնակցել է Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովին, որին ներկա են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, վեց տասնյակ արտաքին գործերի նախարարներ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շուրջ 100 երկրներից ավելի քան 1000 պատվիրակներ:
ՀՀ արտգործնախարարը համաժողովում մասնավորապես ասել է, որ Հայաստանը իր մասնակցությունն է բերում միջազգային հանրության համատեղ ջանքերին՝ օգնելու Աֆղանստանին խաղաղություն հաստատելու իր, հարևանների և միջազգային հանրության հետ:
«Ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում մենք համատեղ ջանքերով որոշակի առաջընթաց ենք արձանագրել աֆղանական հողին անվտանգության նոր մակարդակ բերելու գործում, կարողացել ենք ցանել Աֆղանստանի ապագա առավել ապահով զարգացման սերմերը։ Դրական դինամիկան ակնհայտ է։ Բայց կարո՞ղ ենք արդյոք համոզված լինել, որ այս գործընթացը այլևս հետադարձ չունի։ Եվ ի՞նչ պետք է արվի այս գործընթացը անհետադարձ դարձնելու համար։ Մտածելով, թե ինչպես կարող ենք արձագանքել այս մարտահրավերներին, պետք է պատրաստ լինել ոչ միայն աֆղանական իշխանություններին փոխանցելու երկրում անվտանգության ապահովման ամբողջական պատասխանատվությունը, բայց նաև վերահաստատելու Աֆղանստանի աջակցության շարունակականությունը»,- ասել է Նալբանդյանը։
Համաժողովի մասնակիցներն ընդունել են համատեղ հռչակագիր, որով վերահաստատում են միջազգային հանրության պատրաստակամությունը` աջակցելու Աֆղանստանում կայունության, անվտանգության և ժողովրդավարության հաստատմանը, երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:
Բոննից Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Վիլնյուս, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:








































