Մեծ Բրիտանիայի Հակամենաշնորհային վարչությունը (Office of Fair Trading – OFT) սկսելու է Groupon համացանցային ընկերության նկատմամբ հետաքննություն, որը, ըստ գովազդային շուկայի կարգավորողի, տարվա ընթացքում ավելի քան 50 անգամ խախտել է գովազդային գործունեության կանոնները:
Guardian-ը գրում է, որ Գովազդային ստանդարտների հանձնաժողովը (Advertising Standards Authority – ASA) որոշում է կայացրել Հակամենաշնորհային վարչությանը տեղեկացնել Groupon-ի մասին այն ժամանակ, երբ 2011 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրեց գովազդային օրենսդրության ավելի քան 48 խախտումներ:
Վերջին խախտումը Գովազդային ստանդարտների հանձնաժողովը գրանցել է անցած շաբաթ: Այն Groupon-ին մեղադրում է հաճախորդներին անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու մեջ: Groupon-ը հաճախորդներին չի հայտնում նաև հստակ ժամկետները և պայմանները:
«Մենք որոշում ենք կայացրել գործը հանձնել գովազդային շուկայի կարգավորողին, քանի որ տեսնում ենք լուրջ հիմքեր կասկածելու Groupon-ի կարողություններին` հետևելու գովազդային օրենսդրությանը»,- հայտարարել է Գովազդային ստանդարտների հանձնաժողովը: «Այն, որ մենք տեղեկություն ենք տրամադրել Հակամենաշնորհային վարչությանը, բխում է նաև հասարակության շահերից: Հակամենաշնորհային վարչությունը մեծ լիազորություններ ունի` Groupon-ի առևտրային գործունեությունը ուսումնասիրելու համար»,- ավելացրել է գովազդային շուկան կարգավորողը:








































