Այսօր Ազգային ժողովում հասարակական լսումներ են հրավիրվել «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի շուրջ: Լսումներին ներկա էին պատգամավորներ, բնապահպանության նախարարը և բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ:
ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը նշեց, որ լսումներին հրավիրվել էր նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, սակայն հարգելի պատճառով նա բացակայում է: Այս լուրը բնապահպաններն ընդունեցին ծափահարություններով:
Բնապահպանության նախարարության վարչության պետ Ջուլիետա Ղլեչյանը ներկայացրեց «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» օրենքի նախագծով 6-9 և 13-15 հոդվածներում նախատեսվող փոփոխությունները: Մասնավորապես, ներդրվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման, նախատեսվոող գործունեության տեսակների դասակարգչի գաղափարները, գործունեության տեսակները, ըստ ազդեցության աստիճանի, դասակարգվել են 3 կատեգորիաների:
Գործող օրենքով բնապահպանական փորձաքննություն իրականացվում է նախաձեռնողի հաշվին, իսկ փոփոխություններից հետո նախաձեռնողը վճարելու է պետական տուրք, փորձաքննությունը կատարվելու է պետական միջոցների հաշվին: Փոփոխություններով ամրագրվել է շրջակա միջավայրի վրա անդրսահմանային գործընթացների ընթացակարգը` հստակ ժամկետների և պատասխանատուների ամրագրմամբ:
Փորձաքննությունը բաժանվել է 2 փուլի. նախնական` ծանուցման փուլ (հատկացվում է 30 օր) և հիմնական փուլ, որի ժամանակ անցկացվելու են հասարակական լսումներ, կազմվելու են եզրակացություններ: Օրենքի նախագծում գլուխ է ավելացել` անդրսահմանային ազդեցությունների վերաբերյալ: Փորձաքննության ենթակա հայեցակարգերի դեպքում նույնպես կատարվել են ժամկետների փոփոխություններ` նախատեսված 90 օրի փոխարեն տրվելու է 60 օր, բայց կարող է երկարաձգվել ևս 30 օրով:








































