Վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման օրենքի նախագիծը ողջունելի էր, բայց որ այն ուղղված էր լինելու մամուլի դեմ` միանշանակ է: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ նախագահ Վարդան Հարությունյանը:
«Այն լավ մշակված և կանխամտածված էր, և ով էլ այժմ կլոր աչքեր «սարքի», դա այդպես է: Մամուլը մեր երկրում պաշտպանված չէ: Հայաստանում հսկայական տույժեր` ամենատարբեր ոլորտներում, չպետք է լինեն: Մարդը պետք է պատժվի զրպարտության համար, բայց պետք է լինեն նաև արդար դատարաններ: ՍԴ որոշումը «նե ռիբո, նե մյասո» տարբերակով էր»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ իր հերթին ավելացրեց` պատահական չէ, որ ՍԴ-ն օրինագիծը հակասահմանադրական չճանաչեց:
«Սա մի ոլորտ է, ուր պետք է գործի ինքնակարգավորման սկզբունքը: Պարզ է, որ մարդը պետք է հասկանա, թե որ դեպքում պետք է դիմի դատարան, և վերականգնի իր արժանապատվությունը: Եթե ՍԴ-ի իրավական մեկնությանն ենք նայում, տեսնում ենք, որ նա ճիշտ ուղղորդում է տվել»,- նկատեց նա: