Այս օրերին Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ, ուսանողության տոնն է նշում, մի խումբ ուսանողների երկհարկանի ավտոբուսով պտտելով քաղաքում և երգելով ու պարելով: Սա տոնի իսկապես խորհրդանշական ձև էր, որ կարող էր անել Հանրապետականը: Մի կողմ թողնենք այն, թե ինչ միջոցներով է արվում այդ ամենը, թե ինչու է այդ կուսակցական միջոցառմանը կցվում Երիտասարդական հիմնադրամ կոչվող կառույցը, որը թերևս պետք է որ գործի ապակուսակցականության սկզբունքով և սկզբունքորեն մերժի կուսակցական նախաձեռնություններին կցվելը:
Հանրապետական կուսակցության համար ամենևին նոր չէ այդօրինակ կառույցները կուսակցական շահերին ծառայեցնելը: Ինչի մասին է խոսքը, եթե հանրապետականները ամբողջ պետությունն են ծառայեցնում իրենց նեղ կուսակցական շահերին: Այստեղ էական է նաև տոնը նշելու այդ խորհրդանշական ձևը. եղեք Հանրապետականի հետ, և դուք այդպես կպտտվեք քաղաքով մեկ, կերգեք ու կպարեք, կյանքը ձեզ համար կդառնա խինդ ու ծիծաղ, ամեն ինչ ձեզ կտրվի առնվազն երկհարկանի տեսքով:
Սա է Հանրապետականը սովորեցնում ուսանողներին, ընդ որում` ոչ միայն ուսանողական օրվա ընթացքում, այլ ամբողջ տարին` տարվա բոլոր օրերին: Ուսանողի օրը թերևս պետք է աչքի ընկներ իր խենթությամբ, բայց ինտելեկտուալ, կրեատիվ խենթությամբ, երբ ոչ թե մանկապատանեկան մակարդակի երգ ու ծիծաղ կլցվեր քաղաքով մեկ, այլ ասենք վաղուց ուսանողական տարիքից դուրս եկած քաղաքացիները կլցվեին խինդով, տեսնելով, թե ինչպիսի խոստումնալից ուսանողություն կա Հայաստանում, թե ինչպես է այդ ուսանողությունը կարողանում կրեատիվ մտածել, նորովի մտածել, ազատ մտածել:
Ուսանողությունն իր օրվա կապակցությամբ թերևս պետք է իր խոսքը ասեր հասարակությանը, այդ մի օրն ասեր իր խոսքը մտքի և ձայնի ամբողջ ուժով, լսել տար իրեն, իր ասելիքը պարտադրեր բոլորին: Մինչդեռ այս օրերին մարդիկ տեսնում են ավելի շատ, թե ինչպես է ուսանողությունը ենթարկվում իշխանության ասելիքին, ինչպես է կարողանում հարմարվել, արագ հարմարվել իշխանության երգի ու պարի հնչյունների ներքո: Բանն այն է, որ ուսանողության օրն ու Նոր տարին և Սուրբ Ծնունդը պետք է իրենց տոնակատարության բովանդակությամբ տարբերվեն միմյանցից, այլապես ստացվում է հրեշավոր մի խառնածին, որը կլանում է պետությունը քայլ առ քայլ: Հայաստանում գործ ունենք այդ խառնածին երևույթի հետ, որը հանդես է գալիս տարբեր անուններով և տարբեր դեմքերով, բայց նույն բովանդակությամբ, նույն հարմարվողականությամբ, ժանտախտի ֆոնին նույն խրախճանքով:
Այս ամենում իհարկե կա մի թույլ մխիթարություն` այն իմաստով, որ Հայաստանում այնուամենայնիվ կան լուսավոր ուսանողներ, որոնք միգուցե քիչ են, սակայն որոնք անկասկած իրենց որակը վերածելու են քանակի, և որակի ու քանակի համադրությամբ Հայաստանը վերածելու են ոչ թե ապագային հարմարվող, այլ ապագա կերտող պետություն:









































