Իրանագետ Մհեր Բաղդասարյանը չի կարծում, որ Իսրայելի նախաձեռնությամբ Իրանի վրա կատարվող հարձակումն իրատեսական է: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Նախ, հարձակման մասին որոշումը պետք է անցնի միջազգային ինստանցիաներով, իսկ նման բան դժվար է պատկերացնել: Այստեղ նաև քիչ դերակատարություն չունեն Ռուսաստանն ու Չինաստանը: Կոնկրետ Ռուսաստանը Իրանի հետ հարաբերություններ է զարգացնում, և պարզ է, որ տարածաշրջանում դիրքերի ամրապնդման քաղաքականություն է վարում: Իրանի հետ Ռուսաստանն ընդհանուր շահեր ունի Կասպից ծովում, ի դեմս համատեղ ծրագրերի իրականացման՝ Ռուսաստանի դեպի Պարսից ծոց Ռուսաստանի ելքի առումով, ինչը այդ երկրի համար շատ մեծ նշանակություն ունի»,- նկատեց իրանագետը:
Մհեր Բաղդասարյանի խոսքով, ԱՄՆ-ը, որը մի քանի տարի առաջ ինքն էր խոսում Իրանի վրա հարձակման հնարավորության մասին, այժմ Պենտագոնի ղեկավարի միջոցով հայտարարություններ է անում, որ Իրանի վրա հարձակումը համաշխարհային տնտեսական մեծ խնդիրներ կարող է առաջացնել: «Բնականաբար, նման բան ասելով՝ նրանք նկատի ունեն Իրանի դերը ինչպես միջազգային շուկայում, այնպես էլ Պարսից ծոցում»,- ընդգծեց իրանագետը:
Անդրադառնալով Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում Հայաստանի դիրքորոշման հարցին՝ Մհեր Բաղդասարյանը նկատեց, որ ամենահաջող տարբերակը կլինի այն, որ Հայաստանը կարողանա այդ պարագայում լավ հարաբերություններ պահպանել Իրանի, Ռուսաստանի ու Արևմուտքի հետ: «Թե ինչքանով դա կհաջողվի, մի փոքր գլոբալ հարց է, քանի որ այստեղ առաջ են քաշվում արցախյան հիմնահարցը, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները և այլն»,- ամփոփեց նա:









































