Վաղը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները կկազմակերպեն կամավոր արյունատվություն: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց համալսարանի ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը`հավելելով, որ այն տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ ուսանողների բուժման համար:
Լեզվաբանական համալսարանը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել է մի շարք միջոցառումներ:
«Մենք այսօր հյուրընկալեցինք Լեռնային Ղարաբաղից Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչության անդամներին, իրենց օտար լեզուների ֆակուլտետի ուսանողներին, որոնց հետ միասին իրականացնում ենք լեզուների վերաբերյալ մի ծրագիր` «Արդի հիմնախնդիրները կրթական նոր համակարգում»»,- նշեց Հասմիկ Ափյանը`հավելելով, որ միջոցառման շրջանակում մասնագետները մասնակցել են դասապրոցեսին և մի շարք միջոցառումների՝ ինչպես բուհական, այնպես էլ հանրապետական:
Կիրակի օրը, երեկոյան ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում բուհի ուսանողները կտոնեն Ուսանողության միջազգային օրը, որի ժամանակ կընտրվեն համալսարանի լավագույն չորս ուսանողները՝ համապատասխանաբար համալսարանի բոլոր ֆակուլտետներից:









































