Առաջիկայում Երևանի քաղաքապետարանում կադրային որևէ փոփոխություն չի սպասվում, և աշխատակազմում բնականոն աշխատանքային գործընթաց է: Նման հավաստիացում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արեց Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստվում է աշխատանքից ազատել վարչության պետերին, նրանց տեղակալներին, և քաղաքապետարանում անհանգիստ մթնոլորտ է տիրում:
«Քաղաքապետարանում բնականոն աշխատանքային ընթացք է: Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, Տարոն Մարգարյանն ընտրություններից հետո անդրադարձել է այդ հարցին՝ պատասխանելով, որ քաղաքապետարանում կա պրոֆեսիոնալ թիմ, որն իր առջև դրված խնդիրները կատարում է, և կադրային փոփոխությունները ինքնանպատակ չեն երբեք»,- ասաց Շ. Սարդարյանը:









































