Երեք ամսից ավելի անազատության մեջ գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը իրեն մեղավոր չի ճանաչում և չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել է Մ. Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը։
Ճանապարհային ոստիկանության համար նախատեսված բենզինի մեծ մասը յուրացնելու մեղադրանքով Օհանյանի ձերբակալությունից և կալանավորումից հետո մամուլը գրել էր, թե Օհանյանը տվյալ գործով ցուցմունքներ է տվել նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ:
Սակայն Ճանապարհային ոստիկանության նախկին պետի փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունը:
«Ինքը ցուցմունքներ ոչ մեկի դեմ չի տվել` ո՛չ Ալիկ Սարգսյանի, ո՛չ էլ մյուս որևէ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ոստիկանության: Իր հետ կապված ցուցմունքներ է տվել, ոչ թե ինչ-որ մեկի դեմ»,- ընդգծել է փաստաբանը։
Ի՞նչ է ասում, ինչպե՞ս է իրեն արդարացնում հարցին ի պատասխան Վասակյանն ասել է, որ դա ինքը հետագայում կներկայացնի` հիմա չի ուզում ասել ինչ-որ տվյալներ։ «Բայց, ամեն դեպքում, ինքը իրեն մեղավոր չի ճանաչել և իր անմեղության հետ կապված` ցուցմունքներ տվել է»,- ասել է նա:
Թե ինչու Մարգար Օհանյանի նկատմամբ խափանման միջոցը չի փոխվում հարցին փաստաբանը պատասխանել է. «Ես միջնորդել եմ դատարանին, առարկել եմ միջնորդության դեմ նախաքննության մարմնի կողմից, ինչպես նաև միջնորդել եմ` նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառվի գրավ: Ընդհանուր իրավասության դատարանում մերժվել է, Վերաքննիչ դատարանում էլ է մերժվել, գործը Վճռաբեկ դատարանի վարույթում է»։
Խափանման միջոցը չփոխելու պատճառաբանությունը, ըստ Մկրտիչ Վասակյանի, այն է, որ Մարգար Օհանյանը «կխուսափի, կթաքնվի նախաքննությունից»։
«Ամեն դեպքում, ես գտնում եմ, որ այդ կալանավորումը շատ սխալ է և խիստ է նրա նկատմամբ, քանի որ չկա որևէ հանգամանք կամ փաստ, որպեսզի մենք մտածենք` Մարգար Օհանյանը կարող է խուսափել կամ թաքնվել նախաքննությունից»,- ասել է Մկրտիչ Վասակյանը։
Փաստաբանի վկայությամբ` Օհանյանը նույնպես գտնում է, որ իր նկատմամբ խափանման միջոց կալանավորումը խիստ է, ինքը կարող է նաև ազատության մեջ մնալով մասնակցել նախաքննության գործողություններին։
«Բայց, ամեն դեպքում, ասեմ, որ ինքը ընկճված չէ քրեակատարողական հիմնարկում։ Ճիշտ է, առողջական խնդիրներ ունի` ասենք ոչ թե հիմա, այլև նախկինում ունեցել է շաքարային դիաբետ, բայց, ամեն դեպքում, ընկճված չէ», – հավելել է Մկրտիչ Վասակյանը։
Նա հաստատել է, որ Օհանյանին առաջադրված մեղադրանքը կառուցված է հիմնականում նրա ենթակաների ցուցմունքների վրա։
Փաստաբանը վստահեցրել է նաև, որ Օհանյանն իր ազատազրկման մեջ քաղաքական որևիցե դրդապատճառ չի տեսնում. «Ոչ, նման բան չկա, ո՛չ ես եմ տեսնում, ո՛չ էլ ինքն է տեսնում նման բան, քանի որ ես չեմ գտնում, որ Մ. Օհանյանի նկատմամբ ուզենան մեղադրանք առաջադրել, կամ նրան կալանավորեն, ազատությունից զրկեն ինչ-որ քաղաքական նկատառումներով կամ դրդումներով։ Ինքը ոստիկանության գնդապետ է, և, իմ կարծիքով, և ճիշտ եմ այդպես մտածում, որ ոստիկանը չի կարող որևէ քաղաքական խաղերի մեջ լինել»։
Որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե, ըստ էության, քաղաքական պատճառներ են գտնվում Օհանյանի կալանավորման հետևում, քանի որ նա փորձել է անցնել մեկ այլ դաշտ, համագործակցել «Բարգավաճ Հայաստան»-ի հետ։
Մարգար Օհանյանը պահվում է «Երևան» քրեակատարողական հիմնարկում։









































