Գյուղատնտեսությունն այս տարվա 9 ամսում 115.3% աճ է տվել նախոդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ինչպես այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը, նոյեմբերի 1-ի դրությամբ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն աճել է 3 հազարով և կազմել 574.5 հազար, ոչխարի ու այծի գլխաքանակն ավելացել է 95 հազարով` կազմելով 568.5 հազար գլուխ, խոզերինը` 5 հազարով` կազմելով 120 հազար գլուխ:
Ըստ փոխնախարարի` գլխաքանակի ավելացման արդյունքում ավելացել է նաև մսամթերքի և կաթնամթերքի արտադրությունը. մսի արտադրությունն ավելացել է 3 հազար տոննայով՝ կազմելով 107 հազար տոննա, կաթն ավելացել է 7 հազար տոննայով՝ կազմելով 580 հազար տոննա, ձվի ապրանքախմբում տարեսկզբից ծավալների անկում էր գրանցվել, սակայն սեպտեմբերից անցած տարվա ծավալները վերականգնվել են:
Գ. Բաղյանը նշեց, որ անասնաբուծության զարգացման ծրագրով ձեռք են բերվում տոհմային երինջներ, դրանով ապահովվում է աճ: Հաստատվել է ոչխարաբուծության հայեցակարգը, գլխաքանակը հասցվելու է 1.5 մլն-ի, և նշվել է, թե ոչխարների գլխաքանակը որ մարզում որքան պետք է ավելացվի:
ՀԲ վարկային ծրագրով 15 մլն դոլար է հատկացվել հեռագնա արոտների բարելավման համար. նախատեսվում է վերականգնել ճանապարհները, ջրախմոցներ տեղադրել, կուլտուր-կենցաղային պայմանները բարելավել, նաև ստեղծել կաթի ընդունման, հետագայում կաթի վերամշակման կետեր. «Այդ արոտավայրերը օգտագործելուց նախատեսվում է կաթի արտադրությունն ավելացնել 20-25%-ով, մսինը` 10-15%-ով: Որոշ գյուղերում աշխատանքները սկսվել են և արդեն 200 մլն դրամ ծախսվել է:
Անդրադառնալով Կաթնառատ գյուղում անասունների թվի անկման մասին լուրերին, փոխնախարարը հայտարարեց, թե անասուններ չեն սատկել, նմուշառում է կատարվել և լաբորատոր հետազոտությունից հետո համապատասխան միջոցառում կձեռնարկվի:











































