Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը և հակասահմանադրական չի ճանաչել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը:
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՍԴ-ին` խնդրելով քննել օրենսգրքի տվյալ դրույթի սահմանադրականությունը, որը վերաբերում է զրպարտությանն ու վիրավորանքին:
ՍԴ-ն այսօր` նոյեմբերի 15-ին քննել է դիմումը, և հոդվածը հակասահմանադրական չի ճանաչել, սակայն տվել է տվյալ օրենքի կիրառման մեկնաբանությունը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է 37 էջանոց վճռի միայն եզրափակիչ մասը, և նկատել է, որ լրատվամիջոցների դեմ նյութական փոխհատուցման վճիռներ կայացնելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ լրատվամիջոցների նյութական հնարավորությունները, նաև նպատակ չհետապնդեն սնանկացնել լրատվամիջոցը:
Նշենք, որ օրենսգրքում 2010թ. փոփոխությունը ներկայացրել էր հենց Կարեն Անդրեասյանը, ով և այժմ վիճարկում էր իր իսկ հեղինակած դրույթի սահմանադրականությունը:
Գործով պատասխանող, ԱԺ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Անի Մխիթարյանը անհիմն էր որակել դիմումը և ՍԴ-ից խնդրել էր մերժել այն:
Հիշեցնենք, որ 2010թ. «Զրպարտություն» և «Վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացումից հետո, բազմաթիվ հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների դեմ, որոնցով միլիոնավոր դրամների փոխհատուցումներ են պահանջում նրանցից:









































