Եգիպտոսում, որը, չնայած անցել է «արաբական գարնան» միջով, շարունակում է մնալ պահպանողական մուսուլմանական երկիր, «լիբերալ հայացքներով» երիտասարդ մի աղջիկ յուրովի հեղափոխություն է կատարել` սեփական մերկ նկարները տեղադրելով համացանցում: Դրանք բառացիորեն պայթեցրել են ինտերնետ-հասարակությունը` իրենց վրա հրավիրելով արևմտյան ԶԼՄ-ների ուշադրությունը: Ինչպես հաղորդում է իտալական La Repubblica պարբերականը, աղջկա այդ արարքը կոնկրետ նպատակ ունի. այն դիտվում է որպես հարված «ռասիզմին, բռնությանը, երկերեսանիությանը, եգիպտական հասարակության մեջ լայնորեն տարածված սեռական ոտնձգություններին»:
Կահիրեի համալսարանի 20-ամյա ուսանողուհի Մագդա Ալիա Ալ-Մահդին, նկարները տեղադրելով իր բլոգում, գրել է. «Ես իրավունք ունեմ ազատ ապրել ամեն տեղ… Ես երջանիկ եմ, երբ ինձ բացարձակ ազատ եմ զգում»:
Իրեն Մագդան նկարագրում է որպես «16 տարեկանից աշխարհիկ կյանքի կողմնակից, բուսակեր և աթեիստ», «հաստատուն ֆեմինիստ»:
Բացի այդ, Մագդան էջ է բացել Facebook սոցիալական կայքում և առաջարկում է տղամարդկանց նկարվել փարանջայով: «Այդպես դուք կհասկանաք, թե ինչ է դա նշանակում, թեկուզ միայն մեկ ֆոտոշարքի ժամանակ: Փարանջան կրոնական և սոցիալական ճնշումների արդյունք է»,- համզված է աղջիկը:
Մագդայի այս քայլը ակտիվ քննարկումների տեղիք է տվել Facebook-ում և Twitter-ում: Ոմանք կարծիք են հայտնում, որ Մագդայի սադրանքը առաջիկա ընտրություններում կարող է լուրջ հարված հասցնել լիբերալ կուսակցությանը, իսկ ոմանք պարզապես ափսոսանք են հայտնում, որ 20-ամյա աղջիկը «մոլորության մեջ է ընկել»:
Հարկ է նշել որ Մագդան երբեմն Facebook-ում հանդես է գալիս Լոլիտա անվան տակ: մի շարք օգտատերերի կողմից ողջունելի է համարվում այն հանգամանքը, որ նկարները նա տեղադրել է ոչ թե այդ անվան տակ, ինչպես սովորաբար անում են, այլ իր իսկական անվան տակ:









































