Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Իրանի խորհրդարանը՝ Մեջլիսը, ուղղումներ է մտցրել այն օրենքում, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում Իրանի քաղաքացիների կողմից ինքնակամ Իսրայել այցելելու համար։
Խոսքը դեռևս 1972 թվականին Իրանի անձնագրերի վերաբերյալ օրենքի մասին է, որում թվարկված են այն երկրները, ուր իրանական քաղաքացիություն ունեցող անձինք կարող են ազատորեն մեկնել և այն երկրները, ուր այցելելու համար պահանջվում է իշխանությունների թույլտվությունը։
Այժմ նշվում է, որ յուրաքանչյուր իրանցի, եթե առանց համապատասխան որոշման այցելի Իսրայել, կազատազրկվի 2-5 տարով։ Բացի այդ, նրանք կարող են 3-5 տարով զրկվել արտասահման մեկնելու իրավունքից։
Ցայժմ Իրանում Իսրայել այցելելու համար նախատեսված է 1-3 ամսվա ազատազրկում։ Սակայն ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը նշում է, որ գործող նորմերին համապատասխան Իրանում Իսրայել այցելելու համար տվյալ իրանցուն դատապարտում էին 1-2 տարվա ազատազրկման, ինչպես նաև տուգանում էին։