Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլն ամփոփեց Հայաստանում իր գործունեության չորս տարիները:
Դեսպանի գնահատմամբ` դժվար չորս տարիներ էին, հատկապես տնտեսական ճգնաժամի շեմին, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` ասաց, որ կցանկանար տեսնել ՀՀ նախագահի` 2008-ին սկսած ֆուտբոլային դիվանագիտության արդյունավետ շարունակությունը:
«Մենք այսօր ունենք ավելի բաց հարաբերություններ, որոնց կարգավորման ընթացքը դանդաղ է»,- մեկնաբանեց դեսպանը` հույս հայտնելով, որ պտուղները կքաղենք ժամանակի ընթացքում:
Չարլզ Լոնսդեյլը խոսեց նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին, և ըստ նրա`պետական մակարդակով արդյունքներն ավելի քիչ են, քան ցանկալի է:
Նրա տեղեկացմամբ`իրենք ներգրավված չեն բանակցություններում, բայց փորձել են ապահովել շփումները: Նա նաև կարևորեց երիտասարդներին բախման գոտուց դուրս բերելու հարցը:
Դեսպանը նկատեց, որ այս հարաբերություններում արդյունքներն ավելի երկար ժամանակ կպահանջեն, բայց, ըստ նրա, հիմքերը պետք է դնել այսօրվանից:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլն, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, նշեց, որ ներքին հարցերում ավելի շատ թափանցիկություն են նկատել` մի շարք խնդիրների բաց քննարկման համատեքստում:
«Մենք ողջունում ենք նախագահի այն հայտարարությունը, որ պետք է տարանջատել իշխանություն-բիզնես հասկացությունը, որը պետք է իրականացվի խորհրդարանում: Մենք ողջունում ենք նախագահի և վարչապետի այն հայտարարությունը, որ գալիք ընտրությունները պետք է լինեն ամենահաջողվածը»,-մեկնաբանեց դեսպանը`ընդգծելով, որ խրախուսում են նաև ընդդիմադիր ուժերին, որպեսզի նրանք լավ քարոզարշավ կազմակերպեն:







































