ՀՀ ոստիկանությունը, ինչպես իր գործառույթները չէր իրականացնում Ալիկ Սարգսյանի պաշտոնավարության ժամանակ, այնպես էլ չի իրականացնի և իր նպատակներին չի ծառայի Վլադիմիր Գասպարյանի օրոք: Նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
«Ինչպես որ Ալիկ Սարգսյանի ոստիկանապետ լինելու ժամանակ էին ոստիկանությունում մարդիկ սպանվում, մահանում, այնպես էլ նույն իրավիճակը պահպանվելու է նաև Վլադիմիր Գասպարյանի պարագայում: Էական` մտածողության մեջ փոփոխություններ են պետք: Ինչպես Ալիկ Սարգսյանի պաշտոնավարման և ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքների ժամանակ ոստիկանները միջամտում էին Ազատության հրապարակի մերձակայքում գտնվող սրճարանների և զուգարանների գործունեությանը, պարտադրում էին փակել դրանք, այդպես էլ լինելու է մյուս ոստիկանապետերի օրոք»,- նկատեց Զեյնալյանը` միաժամանակ հավելելով, որ ամենակարևոր հանգամանքը ոստիկանության լեգիտիմությունն է, որը նա պետք է ստանա լեգիտիմ քաղաքական իշխանությունից: «Քանի դեռ երկրում քաղաքական իշխանությունը լեգիտիմ չէ, ոստիկանությունը նույն կերպ է վարվելու, ինչպես վարվում էր Ալիկ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ: Որևէ դրական փոփոխություն այս պաշտոնանկությունից և նոր նշանակումից չենք ակնկալում»,- ամփոփեց իրավապաշտպանը:
Նշենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն արդեն իսկ հաստատել է իր պաշտոնանկության մասին լուրերը: Նրան այս պաշտոնում կփոխարինի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Սարգսյանը նշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում:








































