ԱՄՆ հանրապետական կուսակցության ստորաբաժանումը Վիրջինիա նահանգում սուր քննադատության է ենթարկվել «Սրբերի օրվան» նվիրված Բարաք Օբամայի ծաղրանկարի համար: Նկարում նախագահը պատկերված է զոմբիի տեսքով` գլխին հրազենից ստացած փոս:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, զոմբի-նախագահի ծաղրանկարն ուղարկվել էր հոկտեմբերի 31-ին Լաուդաուն շրջանի հանրապետականների էլեկտրոնային հասցեին: Բացի Օբամայից, Հելոուինին նվիրված նկարում պատկերված են եղել նաև նախագահի կողմնակիցները` քայլող արյունռուշտ մահացածների տեսքով, ինչպես նաև խորհրդարանում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին, որի դիմագծերը դիտմամբ աղավաղված են:
Վիրջինիա նահանգի դեմոկրատների կուսակցության ներկայացուցիչ Բրայան Քոյը ծաղրանկարն անվանել է «զզվելի» և «դաժան»: Նահանգապետը` հանրապետական Բոբ Մաքդոննելը, կոչ է արել իր կուսակիցներին ներողություն խնդրել անհաջող կատակի համար և այլևս նմանատիպ միջադեպեր թույլ չտալ:
Բարաք Օբամայի նկարը՝ կենդանացած մեռելի տեսքով, արտապատկերվել է 2006 թվականին Associated Press գործակալության կատարած նկարից: Դրա հիման վրա նկարիչ Շեպարդ Ֆեյրին 2008 թվականին նախագահական քարոզարշավի ժամանակ պատրաստել էր Օբամայի նկարով պաստառ` HOPE («Հույս») գրությամբ:
Ավելի վաղ Օբամային պատկերել էին աֆրիկյան հեքիմի տեսքով` ծաղրելով նախագահի առաջարկած առողջապահական բարեփոխումները: Մյուս հայտնի ծաղրանկարում Օբաման պետկերված է «Բեթմեն» ֆիլմի Ջոկերի կերպարով` «Սոցիալիզմ» գրությամբ, իսկ 2009 թվականին New York Post թերթում հայտնվել է ոստիկանների կողմից սպանված շիմպանզեի նկարով Օբամայի ծաղրանկարը, որը դիտվեց որպես Օբամային սպանելու կոչ:









































