Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հրավիրել է Մեքքա՝ հաջ կատարելու: Այդ մասին հայտնում է The Daily Star` հղում անելով Էլ-Ռիյադում Իրանի դեսպան Մուհամեդ Հուսեյնին:
Դեսպանը հավելել է, որ Իրանի առաջնորդը հրավերն ընդունել է և հաջող շաբաթվա սկզբին ժամանելու է Սաուդյան Արաբիա: Ավելի վաղ Ահմադինեժադն ասել էր, որ ցանկանում է ուխտագնացության գնալ Մեքքա, սակայն սուրբ վայրեր կգնա միայն այն դեպքում, եթե նրան հրավիրի Սաուդյան Արաբիայի թագավորը:
ԶԼՄ-ների հետ կապի հարցերով Իրանի նախագահի խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրը հայտարարել է, որ սա աննախադեպ երևույթ է: Նրա խոսքերով՝ Ահմադինեժադի այդ այցը «կլինի կարևորագույն ուղենիշ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար»:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահի` Մեքքա հրավերին նախորդել է մեծ սկանդալ, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները բացահայտել էին, որ իրանցիները մտադրվել էին սպանել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդել ալ-Ջուբեյրին: Այդ միջադեպը սառեցրեց երկու երկրների միջև հարաբերությունները, ընդ որում՝ երկու երկրները ՄԱԿ-ում բողոքեցին միմյանց դեմ, էլ-Ռիյադը՝ մահափորձի համար, իսկ Թեհրանը` զրպարտելու:
Հիշեցնենք նաև , որ Իրանը և Սաուդյան Արաբիան համարվում են Պարսից Ծոցում գլխավոր մրցակիցներ: Նրանք երկուսն պայքար են մղում ոչ միայն կրոնական, այլ նաև քաղաքական ու ռազմական բնագավառներում առաջնայնության համար:








































