Ունենք 82 հազար ակտիվ ձեռնարկություն․ ինչքան շատ ՓՄՁ-ներ ձևավորվեն մեր երկրում, այնքան լավ: Եթե նույնիսկ շատ ցանկանանք այդ ձեռնարկությունները հարկային տեռորի ենթարկել, միևնույն է՝ դա շատ փոքր թիվ կկազմի: Ուստի անիմաստ է նման ձեռնարկություններին մոտենալ․ ամբողջ բեռն ընկած է մոտ 3 հազար ձեռնարկությունների վրա:
«Մինչև հիմա մեր մտահոգությունները մնում են. կան ռիսկեր, որոնց ուղղությամբ աշխատում ենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը` խոսելով 2012 թ. բյուջեի նախագծով նախատեսվող հարկային մուտքերի 101 մլրդ դրամով հավելումների մասին:
Ըստ նրա` այդ ռիսկերից է այն, որ ՓՄՁ-ներին «չեն մոտենալու», այսինքն՝ հստակեցվում են խաղի կանոնները, և այն ձեռնարկությունները, այն ոլորտները, որտեղ հարկային տեսուչն անելիք չունի, օրինակ՝ տաքսի ծառայություն, հանրային սնունդ, այդտեղ հարկային վարչարարությունը վերացվում է, և կիրառվելու են արտոնագրային վճարներ:
Գ. Խաչատրյանի խոսքով՝ 3 հազար խոշոր ձեռնարկություններն ապահովում են հարկերի 82%-ը, իսկ հազար ձեռնարկություններից հարկային մուտքերը պետք է ավելացվեն 30%-ով. «Կան հնարավորություններ, թե ոչ՝ հիմա քննարկում ենք»:











































