Այսօր ԱԺ-ում սկսվեցին 2012 թ. բյուջեի նախագծի քննարկումները: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ 2012 թ. բյուջեի նախագծի քննարկումները բաղկացած են 3 հարցերից` բյուջեի օրենքի նախագծի քննարկում, բյուջեի օրենքի ԿԲ եզրակացության քննարկում և ԿԲ 2012 թ. վարչական ծախսերի և ներդրումների քննարկում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով 2012 թ. պետական բյուջեի նախագիծը, նշեց, որ 2009 թ. ճգնաժամը և ռուս-վրացական խնդիրը բացահայտեցին մեր տնտեսության խոցելի և ուժեղ կողմերը: Ըստ վարչապետի՝ առաջին եզրակացությունն այն է, որ պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը: Այս պատճառով կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք տալիս են իրենց արդյունքը: Վարչապետը վերջին տարին «կայունացման փուլ» անվանեց. «Դա են վկայում տնտեսական ակտիվությունը և ՀՆԱ-ի 5% աճը, իսկ տարվա կտրվածքով 4.6% աճը իրատեսական է»: Ըստ նրա՝ այս պահին միտումները այնպիսին են, որ տարվա կտրվածքով ունենալով 5.7% գնաճ՝ բարելավում ենք գնաճային ցուցանիշը, տնտեսության առանձին ճյուղերի վերաբերյալ 9 ամիսների կտրվածքով աճ է գրանցված գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում, ինչը վկայում է, որ ապահովում ենք դիվերսիֆիկացիան: ՏՏ ոլորտում 5% աճը կայուն է և համադրելի հանքարդյունաբերության աճի հետ:
Վարչապետը կարևորեց նաև առևտրաշրջանառության մեջ արտահանման ծավալների ավելացումը․ «Գերակա ուղղությունը դիվերսիֆիկացիան էր, և տեսնում եք, որ ՀՆԱ-ի մեջ փուլ առ փուլ ավելանում է արդյունաբերության կշիռը, իսկ շինարարության կշիռն իջել է»: Տ. Սարգսյանը կարևորեց նաև արտաքին պարտքի կառավարման խնդիրը. «Պետք է ծախսենք այնքան, որքան կարողանում ենք հավաքել»:
«Առաջնահերթ պետք է համարենք տնտեսական աճը: 2012 թ. բյուջեն կայունությունից անցում է կատարում դեպի տնտեսական աճ»,- նշեց Տ. Սարգսյանը:








































