Թուրքիայի խորհրդարանի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Ռեշաթ Գողրուն, ադրբեջանական Day.Az գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով Վանի երկրաշարժից հետո Հայաստանի կողմից Թուրքիային հումանիտար օգնության տրամադրման փաստին, նկատել է, թե դա չի նշանակում, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորում են, ավելին՝ այդ փաստը նույնիսկ չի կարող նպաստել հարաբերությունների կարգավորմանը:
«Ադրբեջանական հողերը գտնվում են հայերի օկուպացիայի ներքո: Թուրքիան չի գնա Երևանի հետ հարաբերությունների կարգավորման այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զինված ուժերը գտնվում են այդ տարածքներում, իսկ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականները չեն վերադարձել իրենց տները»,- ասել է Ռեշաթ Գողրուն:
Թուրք պատգամավորը կարծիք է հայտնել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սխալ քայլ էր Թուրքիայի կողմից. «Ֆուտբոլային դիվանագիտությունը» չի կարող փոխարինվել այսպես կոչված` «հումանիտար դիվանագիտությամբ»:
Անդրադառանլով Թուրքիայի խորհրդարանի օրակարգում հայ-թուրքական արձանագրությունների հարցը ընդգրկելուն՝ թուրք պատգամավորը բացառել է, որ դրանք կքննարկվեն Թուրքիայի խորհրդարանում: «Եվ թուրք խորհրդարանականները, և ողջ թուրք ժողովուրդը այդ արձանագրություններին դեմ է, և թուրքական հասարակության մեջ իշխում է այն համոզմունքը, որ արձանագրությունները պետք է նախ Ադրբեջանի կողմից հավանության արժանանան, հետո միայն դիտարկվեն Թուրքիայի կողմից»,- հայտարարել է Ռեշաթ Գողրուն:










































