Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 28-ի գիշերը ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են «Խուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավյազ Զեյնալիին։ Վերջինիս փաստաբանը նշել է, որ Զեյնալիին տեղափոխել են դատախազության՝ կոռուպցիայի դեմ պայքարի վարչություն։
Նշվում է, որ ձերբակալման պատճառը հոկտեմբերի 19-ին պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի ներկայացրած բողոքի հիման վրա նրա դեմ հարուցված քրեական գործն է։ Ահմեդովան հայտարարել է, որ Զեյնալին իրենից գումար է վերցրել։
Ուշագրավը, սակայն, այն է, որ ձերբակալությունից առաջ Զեյնալին հայտարարել է, որ Ահմեդովան է եկել իր մոտ և գումար առաջարկել՝ իշխանության հանդեպ բարյացակամություն ցուցաբերելու դիմաց։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 20-ին, դատական կատարողները բռնագրավել էին թերթի ունեցվածքը։
Նշվում է, որ դատարանը Զեյնալիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել եռամսյա կալանքը։









































