Իրաքը կխնդրի ՕՊԵԿ-ին, որպեսզի համակարգին անդամակցելու համար քվոտա ստանա: Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, այդ մասին հայտարարել է State Oil Marketing Organization (SOMO) պետական ընկերության գլխավոր տնօրեն Ֆալլահ Ալ-Ամրին: Պետությունը պատրաստ է աշխատել ՕՊԵԿ-ի հետ, քանի որ պատերազմից հետո աստիճանաբար աճում են արդյունահանվող նավթի ծավալները:
Ներկայումս նավթի արդյունահանումը կազմում է 2,9 միլիոն բարել օրական: 2013 թվականին այն կհասնի 3,4 միլիոն, իսկ 2014-ին` 4,5 միլիոն բարելի: Իրաքի արտահանվող նավթի ծավալը օրական 2,2 միլիոն բարել է, իսկ մեկ բարելի համար միջին գինը կազմում է 104 դոլար:
Ներկայումս ՕՊԵԿ-ը սահմանում է իր անդամ երկրների համար քվոտաներ, բացի Իրաքից, որպեսզի մատակարարման ծավալը չգերազանցի համաշխարհային պահանջարկը: Սակայն իրականում շատ երկրներ պարբերաբար խախտում են համաձայնությունը և ավելի շատ նավթ են արտահանում շուկա, քան պայմանավորված էր նախապես:
Իրաքը նույնպես ՕՊԵԿ անդամ երկիր է, սակայն 1998 թվականից սկսած ոչ մի համաձայնագիր չի ստորագրել քվոտաների վերաբերյալ: «Ներկայումս Իրաքը ցանկանում է ստանալ «հնարավոր առավելագույն քվոտա»,- հայտարարել է Ալ-Ամրին:
Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ի կազմի մեջ են մտնում 12 երկրներ` ներառյալ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Իրանը և Վենեսուելան, որոնք օրական արդյունահանում են 30 միլիոն բարել նավթ, որը կազմում է նավթի համաշխարհային արդյունահանման 35 տոկոսը:












































