Լոնդոնի 55-րդ կինոփառատոնում (London Film Festival, LFF) լավագույն ֆիլմ է ճանաչվել բրիտանացի ռեժիսոր Լինն Ռեմսիի «Մենք պետք է խոսենք Քևինի մասին» (We Need To Talk About Kevin) ֆիլմը: Ողբերգական ընտանեկան դրամայում գլխավոր հերոսներին մարմնավորում են բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնը և երիտասարդ ամերիկացի դերասան Էզրա Միլլերը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մրցանակների շնորհման արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական կենտրոնում: Ժյուրիի կազմում եղել են LFF նախկին գեղարվեստական ղեկավար Սանդրա Հեբրոնը, ռեժիսորներ Ջոն Մեդդենը և Սեմ Թեյլոր-Վուդը, դերասանուհի Ջիլիան Անդերսոնը և ուրիշներ:
Բրիտանական կինոինստիտուտի BFI Fellowship մրցանակը կինեմատոգրաֆիայում ունեցած նվաճումների համար այս տարի կիսել են կանադացի ռեժիսոր Դևիդ Քրոնենբերգը և բրիտանացի հայտնի դերասան Ռեյնֆ Ֆայնսը:
Փառատոնը փակմսն արարողությունը տեղի կունենա այսօր Տերենս Դևիսի «Խոր կապույտ ծովը» (The Deep Blue Sea) ֆիլմի գալա ցուցադրությամբ:
Ընդհանուր առմամբ, LFF-ում այս տարի ներկայացվել է աշխարհի 55 երկրներից ավելի քան 200 ֆիլմ, որից 13-ի ցուցադրությունը եղել է համաշխարհային պրեմիերա, 22-ը՝ եվրոպական:








































