Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի արդյունքում անդամ-երկրները համաձայնության են եկել ներել Հունաստանի պարտքի 50%-ը: Այս մասին հայտարարելէ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` գրեթե 10 ժամ տևած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Սարկոզին նաև հայտարարել է, որ եվրոգոտու երկրների կայունացնող ֆոնդը կավելացվի 1 տրլն եվրոյով:
Բացի Ֆրանսիայի նախագահից` մամուլի ասուլիսում ելույթ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:
Նրանք հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ պարտքային ճգնաժամից դուրս գալու 3 առաջնային խնդիրների լուծման շուրջ:
Մասնավորապես՝ Հունաստանի հարցում կայացված որոշումը կօգնի հաղթահարել կայունացման խնդիրների ճանապարհին կանգնած արգելքները:
Եվրոպայի առաջնորդների հայտարարությունից հետո եվրոյի արժեքը կտրուկ սկսել է բարձրանալ, քանի որ այժմ ներդրողները մեծ լավատեսությամբ են նայում Եվրոպայի տնտեսական աճի և միասնական արժույթի պահպանման հեռանկարներին:











































