Լուսաղբյուրն այն եզակի գյուղերից է, որտեղ այս տարվանից սկսել է գործել գյուղացիական կոոպերացիա: Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Խաչատրյանը People in Need չեխական կազմակերպության նախաձեռնությամբ գյուղ այցելած լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գարնանը 30 տնտեսություն (20 հեկտար) միավորվել են և զբաղվում են կարտոֆիլի մշակությամբ, օգտվել են էլիտար սերմնացուից:
«Մինչ այդ ֆերմերները տարերայնորեն գործել են, մարդիկ նույն գործն արել են առանց կոոպերացիայի»,- ասաց նա: «Առաջին լրատվական»-ի հարցին՝ եթե կոոպերացիայի մասնակիցները գոհ են, ինչո՞ւ փորձը չի տարածվում և գյուղի մնացած տնտեսությունները նույնպես չեն միավորվում, Մ.Խաչատրյանը պատասխանեց, որ մարդիկ վախենում են, կախված է կազմակերպչից՝ թե ով է ղեկավարում, հողակտորները կառավարում:
Ըստ Մ.Խաչատրյանի՝ կոոպերացիայի առավելությունն այն է, որ գյուղացիներից մեկը կարողանում է ճիշտ մշակել, մյուսը՝ ոչ, իսկ կոոպերացիայի դեպքում ընդհանուր մշակություն է տարվում ու լավ բերք են ստանում:
Լուսաղբյուրի բնակիչ Երջանիկ Սիմոնյանի խոսքով՝ կոոպերացիան դեռ նոր է, և պարզ չէ, թե որքանով է արդյունավետ. «Ֆինանսապես ժողովուրդը շատ վատ է, ֆինանս պետք է ունենա, որ մտնի կոոպերացիա, իսկ դրա չափը կախված է հողաբաժնից: Գյուղում տեխնիկա չկա, 25 տարեկան են»: