Իտալիայի հյուսիսում հեղեղային անձրևների հետևանքով 4 մարդ է զոհվել, կան վիրավորներ և անհետ կորածներ: Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, հիմնական վնասը հասցվել է Լիգուրիա շրջանին, ամենայն հավանականությամբ՝ զոհերի թիվը կավելանա:
Հորդառատ անձրևների հետևանքով Լիգուրիայի մի քանի շրջաններ ջրով են ողողվել, որոշ վայրերում սողանքները հանգեցրել են բնակելի շենքերի և կամուրջների փլուզմանը, երկաթուղային և ավտոմոբիլային մայրուղիների վրա երթևեկությունը կանգ է առել:
Երեկ Լիգուրիայի ղեկավարությունը դիմել է Իտալիայի կենտրոնական իշխանություններին` խնդրելով տարածքը հայտարարել աղետի գոտի:
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով` այսօր անձրևներ կսկսվեն երկրի կենտրոնական շրջաններում, մասնավորապես՝ Լացիոյում, Ումբրիայում, Կամպանիայում, հնարավոր է՝ նաև Հռոմում և Նեապոլում, որտեղ անցյալ շաբաթ հեղեղի հետևանքով երկու մարդ զոհվեց:









































